Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ ինչպիսի շենքեր պիտի բարձրանան մեր լեռների լանջերին և ձորերում, ինչքան քաղաքներ պիտի հասնեն տափարակների վրա և զվարթաձայն հնչեն կառուցողների նոր երգերը։

Երկրի և մարդկանց վրա, հերկած հողերի վրա իջնում է աշնան բարեբեր անձրևը․․․

1932

ՔԵՌԻ ԴԱՎՈՆ

Ոչ քո մասին, Հայկ, ոչ Ալեքի և ոչ օղակավար Մարինայի և ոչ էլ նույնիսկ Մխոյի «թռուցիկ բրիգադի» տղաների մասին է, որ ահա գրում եմ, այլ այն մարդու մասին, որը խրճիթում խռնված բազմության մեջ իմ աչքին չէր ընկնում, մինչև ներս վազեր գոմի պահակը և լեղապատառ կանչեր․

− Քեռի Դավո, քեռի Դավո, էն անիրավ «Խմբապետի» կապ փրթավ․ ելիր, թե չէ Արաբ էնոր փոր-փսոր կթափա։

Ելավ միջահասակ և ամրակազմ մի մարդ, մեկը նրանցից, որոնք լրացնում են քառասունը, հետև են թողնում հիսունը և նույնիսկ վաթսունին հասնելով չեն փոխում իրենց քայլվածքը, դեմքի արտահայտությունը և առհասարակ իրենց։ Նրանք ունենում են խիստ սև և ձյունի նման սպիտակ մազեր, և սևն ու սպիտակն իրար խառնված, նրանք ապրում են դեռ երկար, և այն տարիքում, երբ ուրիշ ծերունիներն ունենում են զառամյալ մարմին և հենվում են ցուպին,− այդպիսիները դեռ առույգ են և ունեն արթուն միտք։

Ելավ այդ ամրակազմ մարդը, որն էր ինքը՝ քեռի Դավոն։ Նրա հետևից դուրս եկավ նաև Մխոն, որին անվանում են «Կես կռիվ», որովհետև նա հանդարտ չի կարողանում խոսել և նույնիսկ երբ ժողովում խոսք է առնում, նույնիսկ այդ ժամանակ թնդում է նրա ահագնադղորդ ձայնը և թվում է, թե գոռում է մի ամբողջ լեռ։ Ես ևս դուրս եկա «զկնի», ինչպես ասում են այդ գյուղում։ «Կես կռիվ» Մխոն արդեն որոտալով սլանում էր, և լսելի էր, թե ինչպես նա անարգում էր ինչ-որ լոդր Միհրանի, նրան անվանելով «կոզակի թեկնածու», «կոլխոզի տիզ» և այլ այսպիսի խոսքեր։

Իսկ քեռի Դավոն գնում էր միջահասակ մարդու սովորական քայլերսվ, այն վարժ քայլքով, որով այդպիսի մարդիկ լուսաբացից մինչև օր-կեսօր կարող են կտրել լեռներ և ձորեր և նոր միայն նեղանալով