Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շոգից և ո՛չ հոգնածությունից՝ պառկել մի թփի ստվերում։ Դժվար չէր գուշակել, որ «Կես կռիվ» Մխոն պիտի փոթորիկ գցեր և ավելի բարձր որոտար լոդրերի, ծույլերի, ավարաների և այլ այդպիսի մարդկանց հասցեին և հենց այդ ժամանակ պիտի վրա հասներ քեռի Դավոն և լուռ ու մունջ գործ աներ։

Պատահել էր ահա թե ինչ։

«Խմրապետը», որ մի կիսախելագար երիտասարդ ցուլ էր, անպատիվ համարելով եզների շարքը դասվել և կամ գայթակղված այն ազնիվ և ընտիր կերով, որ ախոռապանները լցրել էին ձիերի առաջ, կտրել էր վզի կապը և հարբած արջի նման ծառս եղել կոլխոզի ընդարձակ գոմում, որից և վախեցած պահակը վազել էր հավարի։ Ձիերից ոչ մեկը նրան մոտ չէր թողնում, իսկ Արաբը, չքնաղ մի նժույգ,− դեռ շարունակում էր զայրագին վրնջալ, դոփելով գոմի սալ քարերը։

Երբ քեռի Դավոն ներս մտավ, տեսավ հետևյալ պատկերը։ Գոմի մյուս ծայրին, կիսամութի մեջ ցուլը կռացրել էր վիզը և բոռում էր. մութի մեջ բոցկլտում էին նրա արնախառն աչքերը։ «Կես կռիվ» Մխոն դռան մոտ աղմկում էր ավելի բարձր, քան վրնջում էր Արաբը։ Եզների և ձիերի երկար շարքերը, որոնց վերջը չէր երևում, հանդարտ խժռում էին կերը։ Միայն մի երիտասարդ քուռակ, որին ավելի կվայելեր սնվել օրինակ առնելով հասակավոր և պատկառելի ձիերից—ջղային անհանգստությամբ ցցել էր ականջները և ուզում էր ցույց տալ, որ ինքն ևս բաժանում է երևելի նժույգ՝ Արաբի զայրույթը։ Իսկ եզներից ոչ մեկը որևէ կերպ ցույց չէր տալիս իր վերաբերմունքը և նույնիսկ կարելի է ասել, որ նրանք ատելությամբ էին լցված դեպի «Խմբապետը», որին օրերից մի օր պիտի ամորձատեին և նա ևս պիտի դառնար չարքաշ եզ։

Քեռի Դավոն, առանց փոխելու քայլերի ռիթմը, անցավ գոմի երկայնքով և ուղղակի մոտեցավ ցուլին։ Նույնիսկ «Կես կռիվ» Մխոն սարսափից լռեց և այլևս չվրնջաց Արաբը։ էեռի Դավոն բռնեց «Խմբապետի» ականջներից և առաջ եկավ՝ հետևից ցուլը։ Ապա նա ցուլին հրեց երկու պառավ եզների արանքը, առավ ճիլ խոտից հյուսված թելի կծիկը, գրպանից հանեց կեմրարը և զարմանալի արագությամբ ավելի զարմանալի վարպետությամբ ոլորեց այնպիսի ամուր կապ, որ հուր-հավիտյան «Խմբապետը» չէր կարող քանդել։ Նա ցուլին կապեց երկաթե սեպից, և միայն այդ ժամանակ նորից «փոթորիկ փրթավ» Մխոն ու դուրս գնաց։

Այդ ժամանակ քեռի Դավոն ոչ մի բառ չարտասանեց և միայն, երբ կապեց ցուլը, գրպանից հանեց ծխախոտի տուփը և հաստ մատներով