Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Երբ ներս մտանք քեռի Դավոյի տունը, տնեցիների դեմքի վրա նկատեցինք մեր գալու հետ ընդհատված հետաքրքիր պատմության հետքերը, իսկ քեռի Դավոն այնպես էր նստել և մյուսներն այնպես էին նայում նրան, որ մատնում էին, թե այդ հետաքրքիր պատմողը հենց ինքը՝ քեռի Դավոն էր, որի երկու կողքին, թախտի վրա, քոթոթների նման կծկվել էին երկու թուխ մանուկներ, ըստ երևույթին քեռի Դավոյի թոռները։ Նրանցից մեկը դեռ բավական երկար մնաց այդ դիրքով և նրա լայն չռած աչքերից երևում էր, որ մանուկը դեռ պատմածի ազդեցության տակ է։

Նրանց սենյակը շատ բան էր ասում իր տիրոջ՝ քեռի Դավոյի նկարագրի մասին։ Նույնպես ամուր նստել էին պատերը, ինչպես քեռի Դավոյի կազմվածքն էր, և ամեն ինչից հայտնի էր, որ տերը տունը կառուցել է խնամքով, ամեն ինչ իր տեղն էր և մտածված, ինչպես նրա խոսքերը, և դեռ շատ վաղուց, երբ քեռի Դավոն անօթևան, թափառական էր, այդ դռան նախշը եղել է նրա մտքում։

Տան կաոուցվածքի կոշտությունը մեղմացրել էր կանացի մի ձեռք, որը պատուհաններից կախել էր մաքուր վարագույրներ, պատերին նկարներ և գույնզգույն թղթերից զարդեր։ Լիքն էր տան ներսը, դռան մոտ կախված էր մի փափուկ երեսսրբիչ, իսկ վերևից դաշտային չորացած ծաղիկների միջից նայում էր Բուդյոննին։ Այդ լիքը տան բոլոր իրերի և մարդկանց վրա կար ապահով կյանքի կնիքը, իսկ փայլուն սամովարը կարծես ավելի զարդ էր և նորափեսայի նման ուռած-փքված նայում էր։

Երկար կլինի պատմել մեր զրույցը, որ սկսվեց, ինչպես սկսվում է պարզ զրույցը. քեռի Դավոն հայտնեց, որ հենց նույն օրը նրա առաջարկով կոլխոզի ակտիվի խորհրդակցությունը որոշել է կառուցել ձիերի նոր գոմ։

− Էլ ո՞նց ես։

− Գոհության,− և հասա մատներով սեղանի վրա հավաքում էր հացի փշրանքները։ Միշտ անհանգիստ են նրա ձեռքերը, միշտ ինչ-որ մի բան է անում․ ահա հավաքեց հացի փշրանքները և սկսեց հարդարել սփռոցի խճճված ծոպերը։

Նա պատմում է այն, ինչ արդեն հայտնի է, ինչ որ վկայում են նրա տունը, տան իրերը, տանեցիները, նրանց հագուստը, նրա թոռները,