Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինի մառան, իսկ կտուրի վրա ամառվա չարդախը։ Եվ երբ պատրաստ կլինի այդ սենյակը, այն ժամանակ նա կգնի երկաթյա մահճակալ։ Նրա թոռները գլդոր-մլդոր փաթաթվեցին պապին, կարծես այդ եղանակով հայտնեցին, որ իրենք չեն ուզում ոչ խոր մառան և ոչ երկաթե մահճակալ, այլ միայն ուզում են, որ միշտ ունենան այդպիսի պապ, բարձրանան նրա ուսերի վրա, գլորվեն նրա գոգում և պապը նրանց զարմանալի պատմություններ պատմի։

Ճրագները վառվեցին։

Երբ սեղանի արկղից հարսը լուցկին հանեց, իմ աչքին ընկավ էլեկտրալարի կապոցը, կոճակները, դեղին պատրոնը և նույնիսկ մի էլեկտրալամպ։

− Ինչո՞ւ ես հավաքել, քեռի Դավո։

− Հաբա մեզ լուս կիաա Սիմիստրոն...

Սիմիստրոն, Ցեմստրոյը, Ցեմշինը...

Քեռի Դավոյի պատուհանից երևում էր հայկական հին գյուղին օտարոտի պեյզաժ։ Դիմացի բլուրների ստորոտում թարթում էին բազմաթիվ ճրագներ, բլուրների վրա երևում էին ավելի զորեղ կրակներ։ Թվում էր, թե ամբողջ դաշտում փռվել է արդյունաբերական մի մեծ քաղաք և նրա բազմաթիվ կրակները վառվում են գիշերային մթության մեջ։ Պատուհանից նայում էին այդ հոյակապ տեսարանին, իսկ քեռի Դավոն պատմում էր, որ գործարանի շաղափին քիչ քրտինք չեն խառնել և իրենք․ նաև ինքը, և ահա այդ վաստակի փոխարեն «Սիմիստրոն» նրանց լույս է խոստացել։

− Է, բարով մնաս, քեռի Դավո։

− Բարով, բարով տեսանք։

Բակից ավելի փառահեղ էր Ցեմշինը։ Քեռի Դավոյի տան պատուհանից երևում էին միայն տների մի մասը և բլուրները, բայց չէր երևում վիթխարի ծխնելույզը, որից թանձր ծուխը բարդ-բարդ բարձրանում էր։ Լսվում էին պայթյուններ և խուլ աղմուկ․ երևի վագոնետների մեջ լցնում էին կրաքար։

Գյուղի նոր թաղով դառնում էի տուն։ Երկու կողմը միանման և մաքուր տներ էին և յուրաքանչյուր տան զույգ պատուհանից լույսի բարակ շերտ էր ընկել նոր փողոցի վրա։ Եվ ինչպես մի նետ, այդ փողոցը ձգվում էր դեպի եղեգնուտը և Զույգ լեռը կարծես փողոցի ծայրն էր։

Մուգ-մանիշակագույն շղարշ էր նստել լեռան լանջերին և նրանց ստորոտներն ընկղմվել էին շղարշի խավարի ծալքերում։ Բայց այնքան սպիտակ էր լեռան գագաթը, որ նույնիսկ այդ մութ շղարշի միջից ցոլում