Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր նրա սպիտակությունը, ինչպես անարատ մարմինը՝ թափանցիկ քողի միջից։ Ոսկեղեն լուսինը, որ արևի նման էր, բայց առանց ճառագայթների,—լուսինը դողդողալով իջնում էր խոր անդունդի վրա։ Այն կողմերում հովիվները հրդեհել էին եղեգնուտը և թվում էր, թե ծով է բռնկվել։ Այրվող եղեգնուտից բադերը կանչելով պտտվում էին իրենց կրակվող բների վրա։ Քամին բարձրանում էր և այրվող եղեգնի ու խավարի մեջ նրանք նման էին հրաթև թռչունների։ Լեռը բարձր էր բոլորից և նույնիսկ այդ հրդեհվող ծովը չէր լուսավորում նրա խավար լանջերը։

Մի տնից լսվեցին խուլ ձայներ, կարծես բազմաթիվ կանայք միաժամանակ և խմբով ասացին նույն բանը։ Պատուհանից երևաց սենյակի ներսը, որ հիշեցնում էր քեռի Դավոյի տունը․ միայն չկային երեխաներ և տղամարդիկ։ Ութը-տասը գեղջկուհիներ հասարակ սեղանի շուրջը բոլոր նստել էին և երբ Մարինան բարձրացնում էր ձեռքը, նրանք խմբով ընթերցում էին։ Մեկը նույնիսկ մատը շարժում էր տողերի հետ, ինչպես դպրոցական երեխա.

− Մեր կոմունան վար կանի․․․

Եվ խուլ դղրդացին այդ բառերը, ինչպես բազմության սրբազան երդումը, երբ ծովի նման ծփում է այդ բազմությունը, նրանց քայլերից թնդում է գետինը, հրդեհ է բռնկվել նրանց հոգիներում և հողմը կրակին է մատնել հին եղեգնուտները, և տիղմը, և թունավոր ճահիճը, հարը խանձում է ճահիճների զեռուններին, կրակի լեզվակները ճեղքում են դարավոր խավարը և կարիքից ազատազրկված մարդը ճախրում է որպես հպարտ բազե։

1934