Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Իվան բեյի տունը այդ խուլ փողոցի տներից մինն է։ Տան այգին է, փողոցից քարե պատով բաժանված։ Եվ ամեն տարի այգում ու բոստանում փարթամորեն հասնում են արևածաղիկն ու գլուխ սոխը, խնձորն ու սերկևիլը, վայրի խաղողի ճյուղերը, ջղերի պես, փաթաթվում են պատին, կախվում փողոցի վրա։

Ամռան զով երեկոյան Իվան բեյը սիրում էր նստել դարբասի առաջ, քարի վրա և թազբեհի հատիկների հետ խաղալ, մինչև որ տնից ձեն տային, թե սամովարը սառչում է կամ մի հարևան գար, Իվան բեյի հետ նարդի խաղար։

Հե՜յ գիտի ժամանակ։ Ասես երազ էր, իսկի չէր եղել։ Ի՜նչ մարդիկ էին գալիս Իվան բեյի տունը, նրա այգում ինչ քեֆեր են արել, քանի պրիստավ է լեզգինկա պարել խանչալով կամ գինու շիշը գլխին։

Իվան բեյի այգում մի տանձենի կա, բունը ճեղքված։ Տարիների ընթացքում այդ ճեղքվածի շուրջբոլորն ուռել է, հաստացել նեգրի պռոշի պես և սպի կազմել։

Երմոլով պրիստավն էր, թրով ծառը ճղեց,− կասեր Իվան բեյը ու դանդաղ, ծերի դողդոջ ձայնով, ծոր տալով կպատմեր, թե Երմոլով պրիստավն ութ շուն էր պահում, լավ որսկան էր, կնիկն էլ թաթար էր, համեղ խմորեղեն էր պատրաստում։

Հերիք էր հիշողության տուտը բացվեր, կծիկը վերք չուներ։ Ետ կտար, ամեն մի հանգույցի մի պատմություն կաներ ու գլուխը կերերար, աչքերում հին օրերի կարոտը կփայլեր մեղմ, լուսաբացին հալվող աստղի պես։

Տունն էլ էր հին։ Սանդուղքի գերանները փտել էին, տախտակները տեղ-տեղ վայր թափել, ինչպես Իվան բեյի ատամները ժանգոտ, տան սյուների վրա տեղ-տեղ բորբոսը բույն էր դրել։

Սանդուղքով բարձրանալը դժվար էր։ Իվան բեյի ոտքերում առաջվա ուժն էլ չկար։

Հին տանը երկուսով էին ապրում՝ ինքը և պառավ կինը, որ միշտ թոնթորում էր իր վիճակից, ամեն օր ամուսնու երեսով էր տալիս, թե ինչ է շաքարավազ չի բերում, որ ինքը մուրաբա եփի։ Ցավն ավելի էր շատանում, երբ պահարանի դարակների վրա դարսած պնակներն ու մուրաբի դատարկ ամաններն էր տեսնում։

Ծաղկում էր կեռասը, բալը, կարմրին էր տալիս կեռասը, հետո բալն էր սևանում, իսկ իրենք կարոտ էին մնում մուրաբի։ Հարևանի ժիր մանուկներն