Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ թագավորը գահընկեց եղավ, Իվան բեյը գոմի մի անկյունում թաղեց արքայական նկարները և իր պղնձյա կոճակներն էլ մի ամանի մեջ լցրեց ու թաղեց նկարների հետ:

Այն օրվանից նա սովորույթ էր դարձրել վերարկուի մի թևը հագնել, իսկ մյուս ձեռքով վերարկուի տակ թազբեհի հատիկների հետ խաղալ:

* * *

Իվան բեյը ծառայում էր։

Ո՞վ էր, խղճացել էր նրան և տեղ տվել մի հիմնարկի արխիվում: Նրա պաշտոնն էր արխիվը կանոնավոր պահել:

Հիմնարկում առավոտյան նրանից կանուխ եկող չկար: Ամեն առավոտ նա իր ձեռքով պիտի սրբեր թանաքամանը, գրչածայրը մաքրեր թղթով, ապա շտկեր աթոռն ու փալասի կտորը, որ աթոռի վրա էր դնում, տեղն ավելի փափուկ լինելու համար։

Հետո սկսվում էր Իվան բեյի աշխատանքը։ Եթե մեկը նայեր նրան, անշուշտ կմտածեր, թե Իվան բեյը սովորական մի գործավար չէ, որ համարագրում է արխիվը հին, այլ ուսյալ գիտնական, որ դեղնած, մգլոտած թղթերի մեջ փնտրում է վաղուց մոռացված վավերագրեր։

Իվան բեյի ձեռագիրը...

Ասես ավետարան արտագրող, մաքրակրոն դպիրի գիր էր, դպիր, որ դարեր առաջ խուցի կիսախավարում արտագրել է, ծաղկանկարել, համոզված, որ գալ սերունդը փոշեպատ մատյանի մեջ որոնելու է դարերի մոռացված անցուդարձը։

Սակայն Իվան բեյը գալ սերունդի համար չէր սովորել գեղեցիկ և վայելուչ գրել։ Տասնյակ տարիների ընթացքում նա այն համոզմանն էր եկել, որ վայելուչ դիմումը շատ ավելի ուժ ունի, քան նույն դիմումը մի քիչ անփույթ գրած։

Ամբողջ քաղաքում Իվան բեյի ձեռագիրը հայտնի էր։ Ինքն էլ միշտ սիրում էր պատմել, թե ինչպես բարձրաստիճան մի պաշտոնյա մեջքն էր շփել և խոստացել պարգև՝ գեղեցիկ գրելու համար։

− Առաջվա գիրն էլ չկա, այ կնիկ,− գանգատվում էր Իվան բեյը,– ձեռքս հիմա դողում է, ես էլ չեմ իմ գրածին հավան։

Աշխատանքի ժամանակ, երբ հին թղթերն էր համարագրում, Իվան բեյը երբեմն ինքն իրեն ժպտում էր, ակնոցը շտկում և թուղթն ավելի մոտեցնում աչքերին։ Դողում էին ձեռքերը, աշնան տերևի պես երերում