Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր թուղթը հին, իսկ Իվան բեյի գլուխը հանդարտ շարժումով դառնում էր մեկ աջ, մեկ ձախ։

Ժպտում էր Իվան բեյը երանության ժպիտով, աչքերը փայլում էին ակնոցի ճաքած ապակու հետև, միտքը թև առած թռչում էր դեպի ետ, երբ Իվան բեյի վերարկուն դեռ նոր էր, կոհակները պղնձափայլ, ձայնը խրոխտ:

Նա ժպտում էր, որովհետև արխիվի թուղթը հին հանկարծ հիշեցնում էր վաղուց մոռացված մի պատմություն: Նայում էր ստորագրության, թվականին, մի պահ դեն դնում թուղթը և թողնում, որ մտքերը տաշեղի պես լողան հիշողության ծովում։

Եվ այդ օրը նա ուրախ էր տուն դառնում, ճաշի ժամանակ էլ պատմում պառավին.

− Մի՞տդ է, էն տարին մի ռևիզոր եկավ... Դու էլ ասում էիր, թե ինչ աղոթասեր մարդ ա...

− Էն, որ արաղ խմելուց առաջ խաչակնքում էր երեսին,– ավելացնում էր կինը և հիշողության ուժ տալիս։ Ու նրա մտքի առաջ, քարվանի պես անցնում էին ծանոթ դեմքեր՝ կոկարգով, մեծ բեղերով, ակնոցավոր և առանց ակնոց, քեֆ սիրող, որսկան, ձիարշավի սիրահար։ Պառավի մաշված միտքը կառչում էր մեկին, փոշին թափ տալիս, մոտեցնում աչքերին, ավելի լավ զննում։

− Էն, որ մի գիշեր մեր բալկոնից քիչ մնաց ընկներ...

− Հա՛, հա՛, խմել էր, ուշունց էր տալիս օրհնածը...− ասում էր Իվան բեյը և երանության ժպիտը դեմքին խաղում էր, մայր մտնող արևի պես։

Պատմում էր Իվան բեյը, որ այդ օրը արխիվի թղթերի մեջ նրա գրածն է կարդացել, ուղղած գավառապետին, մի թուրքի տուգանելու մասին։

− Գրագիրն էլ էն ժամանակ Սարգիս աղան էր։

Հետո զրույցը խորանում էր, և եթե մի բան նրան չսթափեցներ, Իվան բեյը չէր էլ նկատի, որ խոսում է։

Այդպիսի դեպքերում կինն էր նրան սթափեցնում, էլի դժգոհում, որ մսի հետ ոսկոր շատ են տվել, կամ թե հավաբունի տախտակը կոտրվել է, պետք է նորոգել։

Իվան բեյի մտքի թելը կտրվում էր, չքանում էր հինը, անիմաստ հայացքով նայում էր ապուրին՝ կարծես ուզում էր ստուգի, թե իրոք մսի հետ ոսկոր շատ են դրել։ Մի քանի անգամ գդալով ապուրն էր խառնում և մի բան ասած լինելու համար դառնում էր կնոջը.