Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Իվան բեյին կրճատեցին: Այդ մասին հայտնեցին նրան հենց նույն իրիկուն:

Նա չկարողացավ ոչինչ ասել և դանդաղ քայլերն ուղղեց դեպի տուն: Հեռվից նայողը կկարծեր, թե Իվան բեյը հարբած էր։

Ավտոն, որ գիշերը մնաց ծառի տակ, որովհետև գավառական քաղաքում դեռ գարաժ չկա, հաջորդ առավոտ նորից կանչեց զիլ, փրթփրթաց, ոնց որ ձին էր վրնջում հեծվորին սպասելիս և երբ երեք հոգին տեղավորվեցին ավտոյի մեջ, մեկ էլ կանչեց զիլ, մնաս բարով ասաց քաղաքին և փափուկ անիվների վրա սուրաց արագ։

Մանուկը կարմրաթուշ, որ առավոտյան մածուն էր ուտում, նորից կանչեց ուրախ:

− Մամա՛, ավթանաբիլը...

* * *

Ավտոյի առավոտյան կանչը Իվան բեյն էլ լսեց, ցնցվեց և մնաց անշարժ, քարացածի պես: Հեռացող ավտոն իր հետ անվերադարձ տարավ աասնյակ տարիների մի պատմություն, հեղեղի պես ավերեց այն, ինչ առօրյա էր և հաստարմատ, որպես դարավոր կաղնի։

Իվան բեյը գիշերը չէր քնել։

Ժողովից տուն եկավ՝ գունատված, ջրատար։ Մի քանի ժամում ասես ավելի էր ծերացել, կռացել։ Պատմեց, ինչ ասել էին։

Պառավը փորձեց հուսադրել, նույնիսկ երեքի եկած ճամփան նզովեց և ավելացրեց.

-Հողեմ դրանց գլուխը, միշտ հո աշխարհն էս ճամփով չի գնալու։

Բայց Իվան բեյի մոտ չազդեց այդ։ Եթե սրտի խորքում, որպես ապահով թաքստոց, պահել էր մի միտք և առանձնության մեջ շոյել այն, թե աշխարհն այս ճամփով միշտ չի գնալու,− այժմ այդ միտքն էլ էր չքացել, հալվել գարնան ձյունի պես։

Էլ ոչինչ չկա վաղվա համար, կտրվեց թելը այնքան սովորական օրերի:

Նստել էր Իվան բեյը անկողնի ծայրին, աչքերը հառել հատակին։ Եվ միտք էլ չէր անում, որովհետև դատարկ էր ոչ միայն վաղը, այլ այսօր,