Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկ էլ ետ նայեց և նրա աչքին ընկավ մառանի բաց դուռը։ Իվան բեյը ներս մտավ և մառանի մութի մեջ պատեպատ ընկնելուց հետո հասավ անկյունին, կռացավ, նստեց, ձեռքերով շոշափեց գետինը, հռհռաց և սկսեց փորել գետինը։

Նա չէր փորում։ Չանգռտում էր մատներով, եղունգներով։ Մութի մեջ տնքում էր, թնչում և չանգռում։ Հանկարծ մատները մի կոշտ բանի դեմ առան։ Իվան բեյը մի վայրկյան մնաց, հետո սկսեց ավելի արագ փորել։ Նրա ձեռքը խրվեց մի փոքրիկ կճուճի մեջ։ Ձգեց և հանեց կճուճը, մութի մեջ զրնգաց կճուճը և պղնձե կոճակները փայլուն բզեզների պես դեսուդեն շաղ եկան։

Իվան բեյը կոճակները հավաքեց բռի մեջ, մոտեցրեց աչքին, որ ավելի լավ տեսնի, մատներով շոշափեց։ Սիրտը բաբախում էր արագ, սարը մի շնչով վեր ելնողի պես։

Քրտինքի կաթիլները գլորվում էին ճակատից, քրտինք էր դուրս գալիս և վաղուց չլվացված մազերի միջից։ Ռունգները լայնացել էին, շնչում էր հևիհև։

Կանգնել էր մառանի անկյունում, բուռը լի պղնձե կոհակներին էր նայում, որոնք մութի մեջ փայլում էին պսպղան։

* * *

Առավոտյան, երբ հարևանի տղան կաթ էր բերել Իվան բեյի համար, դարբասը փակ գտավ։ Ծեծեց մի քանի անգամ, հետո կաթը ետ տարավ։

− Էսօր Իվան բեյը շատ է քնել,− ասաց։

Մյուս առավոտ մեկը պատով իջավ և դարբասի դուռը բացեց։

Իվան բեյի վերարկուն ընկած էր մառանի դռան առաջ։ Գիշերվա քամին ձյուն էր լցրել սենյակի բաց դռնով։

Մառանի անկյունում սառած ընկած էր Իվան բեյը, մատներն արնոտ, չռած աչքերով։ Բռունցքի մեջ սեղմել էր պղնձե երկու կոճակ, կողքին՝ ջարդված կճուճի փշրանքներ, թղթի կտորներ, հին թղթադրամ։

Իսկ հավերը բնում քաղցից ու ցրտից կչկչում էին, կուտ ուզում։

1926