Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

Իր զրույցներից մեկում, դառնալով Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. «Կոմիտասի երգերի և քո գույների կապակցությամբ խոսում են իբրև այնպիսի հրաշքի մասին, որը անհնարին է արտահայտել խոսքով: Բայց, գիտե՞ս, իմ կարծիքով, դա այնքան էլ ճիշտ չէ։ Հայաստանում կար մի գրող, որի բառերը երգում էին կոմիտասյան հանգով և փայլատակում էին քո կտավների բոլոր գույներով։ Այդ գրողը Ակսել Բակունցն է»[1]։

Ավ. Իսահակյանը դեռ տարիներ առաջ՝ 1934-ին, Փարիզում, կարդալով «Սև ցելերի սերմնացանը» հավաքածուն, Ակսել Բակունցին հռչակեց ժամանակի հայ արձակի առաջին դեմքը։ Այդ չափանիշով էին նրա ստեղծագործությունը գնահատում նաև Դերենիկ Դեմիրճյանը, Մարիետա Շահինյանը, Եղիշե Չարենցը, որը Բակունցի «անհայտ բացակայումի» շարժառիթով տվեց վաստակի խոր ու սպառիչ մեկնաբանությունը՝ «Եվ բառերի համար քո մարմարյա…» տողով սկսվող բանաստեղծության մեջ։

Ակսել Բակունցն առասպելի հերոսի պես, ընդամենը մի քանի տարվա ընթացքում, սովորական գյուղթղթակցից դարձավ հայ մեծ գրող, իր մեծության կենարար հյութերը վերաքաղելով հայոց բնաշխարհի գույներից, հայոց պատմության ծալքերից, հայ ժողովրդի հոգեկան պատկերի խորքերից։

  1. А. Салахян. Как песни Комитаса, как краски Сарьяна. "Литературная газета", 1954, N 132.