Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նույն գիշեր մայրն ուրիշի բարձի վրա մի անգամ էլ լաց եղավ: Ճիշտ է, քար չէր մոր սիրտը, բայց մարմինը միայն սրտից չի կազմված։

Եվ այդպես սկսվեց Տիտոսի նոր կյանքը։ Որբ մնալուց հետո ուրիշների կարեկցության չափը նրա հանդեպ մի քիչ ավելացավ։ Եղան մարդիկ, որոնք մորը նախատեցին։ Սակայն այդ կարեկցությունը կարկատած տրեխներից ու փոստե ծակ փափախից հեռու չանցավ։ Պատահում էր, որ սրա նրա շեմքին, տոն մի օր կամ հարսանիքի գիշեր հորթարածը կաթսայում մնացածն էր սրբում մատներով և մատները լիզում, բայց այդ միայն դիպված էր նրա կյանքում։

Իսկ այդ կյանքը կանաչ սարերն էին, բազմատեսակ խոտերը, որոնցից մեկի արմատն էր քաղցրահամ, մյուսի ցողունը։ Կանաչ սարերում թոն ու անձրև, արև օրեր, երբ կարպետը փռում էր քարին չորանալու, աղբյուրի ջուր, ցամաք հաց և հորթեր, հորթեր, որոնցից ամեն մեկն իր տեսքն ուներ և բոլորը միասին ընդհանուր սովորույթ՝ շոգ օրին տուն վազելու, մոր բառաչը լսելիս պոչը կեռացրած դեպի բառաչը փախչելու։

Հորթային հրճվանք, հորթի ոսկե մանկություն, որից զուրկ էր Տիտոսը, որ ամենից շատ հենց այդ օրերին էր վազվզում, ցրիվ հորթերը հավաքում, կանչում, սուլում, վազելիս սայթաքում, վազելիս լաց լինում և հայհոյում հորթի հրճվանքն էլ, տիրոջն էլ։ Հորթերը հասունանում էին, հորթերն ուրիշ նախիր էին գնում, ցուլով էին գալիս հորթերը՝ Տիտոսի համար նոր հորթեր ծնելու։

Ե՞րբ պիտի ծներ վերջին կովն այն հորթը, որի հրճվանքն այլևս չպիտի ստիպեր Տիտոսին վազելու սար ու ձոր և որին այլևս նա կանաչ սարերը չտաներ։ Գիտակցական վերաբերմունք իր վիճակին Տիտոսն առաջին անգամ այս կերպ հանդես բերեց։ Այնպես հանկարծ ծնվեց, այդ միտքը նրա գլխում և այնքան հանդարտ։ Երևի կա այդպիսի մի վայրկյան, երբ ծլում է սերմը, ասեղի ծայրի չափ արմատիկը խրում հողում, որ հետո տարիների հետ հզորանա ու դառնա հաստարմատ ծառ։

* * *

Շարունակությունն էլ հասարակ եղավ։ Առաջին ծիլը ձգվեց, հողի կոշտուկները հրելով, մի օր արև տեսավ, ջերմություն զգաց։

Տիտոսը՝ խոտի խուրձը շալակին, ձյունաջուրը կոխ տալով, ձմռան մի օր անցավ դպրոցի կողքով, պատուհանից տեսավ հորթատիրոջ որդուն դասարանում, կանգնեց, ժպտաց։ Տղան էլ ներսից պատասխանեց նույն ժպիտով։ Եթե ներսում ժպտացողի միտքը Տիտոսի ճաների շուրջն