Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էք և կտուրի գլխին տեղի ունեցած խաղերի, ապա Տիտոսի ժպիտը ուրիշ պատճառ ուներ։

Երևի լավ է ներսում, որ ամեն օր հավաքվում են իր հասակի տղաներ, երգ են ասում, գրիչները թաթախում թանաքի մեջ, տետրակներում արտագրում այն, ինչ գրում է ուսուցիչը պատից կախած տախտակի վրա, սպիտակ կրաքարով։ Վերի սարում այնքան շատ կա այդ քարից ու այնպես պարզ է խազում Տիտոսը, սպիտակ բծեր անում գետի կապույտ ողորկ քարերի վրա։

Այդ իրիկուն գոմի դռանը կատարվեց տարօրինակ մի գործարք։ Իր բոլոր ճաները Տիտոսը փոխեց տիրոջ տղայի վաղուց սովորած, թերթերը պակաս գրքի հետ։ Եվ երբ ախոռները խոտով լցրեց, կովերի տակ չոր հարդ ցրեց, գոմի ճրագի տակ Տիտոսը բաց արեց գիրքը։ Ճրագի լույսի հետ տառերը թրթռացին նրա աչքին։ Ինչքան շա՜տ էին, իրար նման, բոլորն էլ սև։ Գիրքը թերթեց, տեսավ ծանոթ նկարներ՝ ուլ ու ծառ, աղջիկը կուժն ուսին, պառավ նանը թոնրի առաջ։ Համր նկարներն այնքան հարազատ թվացին։ Գուցե դրանից էր, որ գիրքը գոմի պատուհանում դնելուց առաջ նա ստուգեց՝ արդյոք չոր և ապահո՞վ է թաքստոցը։

Առավոտյան Տիտոսն աչքերը տրորելով ձեռքը մեկնեց գոմի պատուհանին։ Կովերը կոշտ լեզվով լիզում էին մսուրի չոր փայտերը, կարծես մեկը խոզանակով էր սրբում։ Տիտոսը մոռացել էր կովերին։ Գրքի թերթին էր նայում, այն թերթին, որի վրա երկու հորթի գլուխ կար նկարած։ Նայում էր և լարում ամբողջ ուշքը, ասես հավատում էր, որ շատ նայելուց տառերը լեզու պիտի առնեն ու խոսեն։ Այդ օրը ջոկեց միայն այն, որ սև նշաններն իրար նման չեն, մեկը կեռ է, մյուսը տափակ, երրորդը ձեռնափայտի պես գլուխը կլոր։ Գոմի դռանը ոտնաձայն լսեց, գիրքը ծալեց, թռավ տեղից, մսուրին մոտեցավ։

Այդ գարնան Տիտոսն արդեն գրաճանաչ էր։ Նրա հացի պայուսակում թերթերի ծայրերը կտրտած գիրքն էր, որի առաջին երեսից մինչև թոնրի մոտ նստած պառավի նկարը Տիտոսը վարժ կարդում էր, նույնիսկ առանց մատը տառերին տանելու։ Ուրիշի գրած տետրակների լուսանցքում երկրորդ անգամ Տիտոսը գրել էր այն, ինչ տետրակի տերն էր գրել դպրոցում։

Աշխարհն ուրիշ տեսակ երևաց նրա աչքում, երբ տեսավ ծանոթ առուն, կանաչ արտերն ու սարերի լերկ կողերը։ Հողի կոշտերի տաք մութ կար և առաջին արևոտ օրը հալեց մութի հետքերը։ Տիտոսը նույն փափախն ուներ գլխին։ Ձմեռվա ընթացքում նրա գույքը ավելացել էր երկու զույգ կարկատած գուլպայով, որ ուրիշի ձեռքով ծածուկ ուղարկել էր մայրը։ Մնացածը նույնն էր, աղբից տեղ-տեղ կարկատանների թելերը