Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեղից վեր թռավ, թռնելու հետ էլ մտքերը հորթերի պես շաղ եկան։ Րևանը չքացավ, որ մի քիչ հետո նորից փակչի նրա ուղեղին տիզի պես, բույն դնի և օրնիբուն միտքն զբաղեցնի իրենով։

* * *

Աշունքամուտ էր։ Սարերի բարձր կատարներին ամպը ցող էր շարում, լուսաբացին ցողը սառչում էր, դառնում եղյամ։ Արտերը հնձել, վերջացրել էին, գյուղը կալ էր կալսում, այգիների բերքը ժողովում։ Դրանից էր, որ հնձած արտերում ոչ մարդ էր երևում, ոչ անասուն։

Արահետը օձապտույտ ոլորներով բարձրանում էր սարի ստորոտից մինչև գագաթ, իջնում ձորը, նորից բարձրանում։

Մահակը գետնին դեմ տալով, կածանով բարձրանում էր Տիտոսը, հացով լի պայուսակը մեջքին։ Արևը բավական ճանապարհ էր կտրել, բայց արևից չէր, որ քրտինքի կաթիլներ էին շարվել Տիտոսի ճակատին, այլ արագ քայլելուց։ Մեջքը քրտնել էր, շապիկը կպչում էր, էլի պոկվում։

Տիտոսը ոչ քրտինքն էր զգում, ոչ էլ արևի տաքությունը։ Նրա միտքը ետ էր, եկած ճամփին, որի վրա կրած խուրձերից ընկած հասկեր կային, մի քիչ հեռուն գյուղը, կալերը, խրձան դեզեր, իրենց կիսավեր տունը։

Օգոստոսի կեսին Անտոնը գնացել էր։ Գնալուց մի օր առաջ Տիտոսը նրան տեսավ դռան մոտ։

− Տիտո՛ս, էգուց գնում եմ․․․

Տիտոսր չիմացավ ինչ ասի։ Մոտեցավ Անտոնին՝ բարի ճանապարհ ասելու։ Ձեռք տալուց հետո, երբ մայրը ներսից Անտոնին կանչեց և Անտոնը տուն գնաց, Տիտոսը դռան մոտ մի քիչ էլ կանգնեց։ Քարերը կճաքեին, եթե նրանք էլ այնքան ուժեղ ցանկանային Անտոնի հետ գնալ, ինչպես դռան մոտ ցանկացավ Տիտոսը։ Սակայն Անտոնը դուրս չեկավ տնից։ Տիտոսը գլուխը կախ հեռացավ։

Տիտոսը միայն մորն ասաց, որ գնում է։ Ինչքան դժվար էր վերջին օրը։ Հորթերն էլ էին մի տեսակ մոլորվել։ Երեկոյան՝ հորթերին տեղաց անելուց հետո, անցավ այն փողոցով, ուր մայրն էր ապրում։ Դռնակից նայեց, մարդ չտեսավ։ Հենց ուզում էր հեռանա, մայրը դիմացի անկյունից դուրս եկավ։

− Նանի, առավոտյան գնում եմ։

− Ո՞ւր։

− Րևան։