Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո պարզում, աղբյուրի ակն ավելի խոր էր թվում, բայց ջուրը նորից փլցնում էր ավազի պատերը։

Էշերն էլ էին հոգնել։ Հենց որ մեկի տերը մի քիչ ետ էր ընկնում կամ իշու վրա ննջում, մահակը գետնով քաշ տալիս, էշը զգուշությամբ մոտենում էր ճանապարհի կողքին բուսած մացառին, մի քանի տերև պոկում, մինչև տերը կհասներ կամ կզարթներ և ձեռքի մահակով մի կչափեր իշու փորին։

Տիտոսն աշխատում էր ետ չմնալ։ Ուժ էր տալիս ոտքերին, երբեմն վազում, երբ նկատում էր, որ իր և իշավորների միջև եղած տարածությունն ավելի էր մեծանում։ Վազելիս փոշի էր կուլ տալիս, պայուսակը համաչափ ցնցումներով զարկում էր թիկունքին։

Ճանապարհը ձանձրալի էր, միապաղաղ։ Թվում էր թե ձորը վերջ չպիտի ունենա, թեկուզ ամեն մի պտույտ թվում էր որպես վերջինը, որից հետո պիտի սկսվի տափարակը։ Բայց պտույտը վերջանում էր, որպեսզի մի ուրիշը ծայր առնի։

Ճանապարհին մի քանի գյուղեր տեսան, քարերի գլխին, ծիրանի այգիների մեջ։ Իրենց գյուղի նման չէին։ Տները ցածլիկ, առանց կալ ու մարագ, իրարից հեռու, մեկը մի քարի տակ, մյուսը առվի եզրին։

Ո՞ւր էին Անտոնի պատմած բարձր տները, փողոցները, ուր հազար մարդ է անցնում, ավելի քան Կատարի խաչի ուխտի օրը։ Ո՞ւր էին կառքերը, ավտոմոբիլները, որոնց վժժոցից մարդ վախում է, ետ փախչում։

Եթե իշավորներից ետ մնալու հոգսը չլիներ, գուցե Տիտոսն ավելի երկար նայեր, թե ինչպես են ձորի գյուղում մի զույգ եզով վար անում։ Մի քիչ վազելուց հետո, երբ ծերունի իշապանը Տիտոսին ձայն տվեց, թե իջևանը հեռու չի, իրենք պիտի գիշերեն այնտեղ, նա քայլերը դանդաղեցրեց։

Արևը կարմրին էր տալիս և արևի շողերից քարափի կատարները փայլում էին պղնձի կարմիր փայլով, ստվերներ կախում ճանապարհի վրա։

Տիտոսը ճանապարհի կողքին բոստաններ տեսավ։ Ահա թե որն է սեխը։ Աշնանը հեռու տեղից սեխ էին բերում գյուղ, փոխում գարու հետ։ Տիտոսը և՛ ուրախ էր, և՛ հպարտ։ Նա տեսավ այն երկիրը, ուր բոստաններում սեխ է բուսնում։ Եթե վերադառնա՜ր գյուղ... Ինչե՜ր պիտի պատմեր և ինչքան պիտի զարմանային ընկերները։

Ճամփի կողքին հինայած մորուքով մի մարդ էր չոքել։ Նրա շրթունքները շարժվում էին, մարդն իրիկվա նամազն էր անում, անթարթ աչքերը դեպի հեռուն։ Երբեմն ձեռքերը կրծքին էր դնում, գլուխը խոնարհում