Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Բիլեթը պինդ պահի, որ չկորչի։ Թե չէ ճամփին կմնաս...

Անտոնի խոսքերն էին։ Հետո մի զանգ եղավ, ճիշտ ժամի զանգի պես։ Մարդիկ խռնվեցին իրար։ Փնչոցով մոտեցան վագոնները, մաշինն այնպես պինդ ծկլթաց, որ Տիտոսը ետ քաշվեց, աչքերը վախից չռեց։

− Սա է տանում Րևանու կողմը,− մտածեց Տիտոսը, մոտեցավ մուտքին։

Մի մարդ Տիտոսին ետ տվավ։ Տիտոսն էլ վազեց, ամբոխի մեջ փափախավոր մեկին տեսավ։

− Բա իմ բանը ինչ կլինի, ես առանց բիլեթ․․․ Յանի թողիլ չե՞ն,− հարցրեց նա։ Մարդը ծիծաղեց։

Ետ գնալ չկար Տիտոսի համար։ Հարյուր մարդուց ավելի է գնում, ինքն էլ կխառնվի նրանց հետ։ Հո չի կոտրվի, քանի փութ է, որ․․․ Հացն էլ պրծնելու վրա է։

Այդ ամենը հայտնեց նա մուտքի մոտ կանգնած մարդուն, բայց մարդը չլսեց։ Ուրիշներին էր բաց թողնում։ Տիտոսի աչքն ընկավ դահլիճի բաց պատուհանին։ Մոտեցավ, ցատկեց վրան, ասես գետնից մի ոստյունով իշու վրա նստեց, մի քիչ սահեց և երբ տեսավ, որ նայող չկա, ոտքերը մյուս կողմի վրա կախեց, ցատկեց ու խառնվեց մարդկանց մեջ։ Րևանն այնքան մոտ թվաց նրան, բոլոր արգելքներն ընդմիշտ վերացված։

− Մաշինն ուղիղ տանում է Րևանա մեջը...

Մարդիկ բարձրանում էին սանդուղքով. ներս մտնում։ Սանդուղքի կողքին կանգնած մեկը, որի գոտում կանաչ կարմիր փայտեր էին կախված, Տիտոսին թույլ չտվավ սանդուղքով բարձրանալ։

− Ո՞ւր կվազես, լապստրակ,− ասաց մարդը ու ետ հրեց նրան։

− Րևան,– կանչեց Տիտոսը, ձեռքով փափախը մի քիչ ետ տանելով։

− Բիլեթ ունե՞ս,− հարցրեց նա։

Տիտոսը ետ քաշվեց, մի քիչ կանգնեց, տեսավ, թե ինչպես են մարդիկ գալիս, սանդուղքով բարձրանում։ Աչքն ընկավ մյուս կողմի սանդուղքին, որի մոտ ոչ ոք չէր կանգնած, կռացավ վագոնի տակ, անցավ մյուս կողմը, ձեռքը մեկնեց սանդուղքի երկաթին։ Դուռը փակ էր։ Տիտոսը սանդուղքի վրա նստեց։

Այսպիսի երջանիկ րոպե նա ապրել էր և այն ժամանակ, երբ գոմի ճրագի տակ՝ գրքի սև նշաններին նայելուց հետո, նա հասկացել էր, որ շատերն իրար նման են, հարկավոր է միայն երկար նայել, որ գրերը լեզու առնեն ու խոսեն։