Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկրորդ զանգին մեքենան սուլեց, անիվները դղրդոցով շարժվեցին, վագոնները ձգեցին մեկը մյուսին։ Տիտոսը քիչ մնաց ընկներ։ Տեղն ամրացրեց, թևը պատ տվավ սանդուղքի երկաթին։

Առաջին պահ նրան թվաց, թե կամնի վրա է նստած, եզների փափուկ խուրձերի վրայով կամն են քշում։ Բայց երբ գնացքն արագացավ, նրան այնպես թվաց, թե իրենք մի տեղ կանգնել են, անիվներն աղմկում են ջրաղացքարի պես, հողն է միայն ետ շարժվում և հողի հետ էլ պիտի մոտենար Րևանը։

Բայց երբ ճանապարհի կողքին սայլեր տեսավ, սայլերը ետ մնացին, սելվորները գդակներն օդում ճոճելով կանչեցին, Տիտոսը տեսավ, թե ինչպես սայլերը ետ մնացին։

Ընդարձակ դաշտ էր, դաշտի վրա գյուղեր, այգիներ, ճանապարհ։ Բամբակը բացվել էր, կանայք կռանում էին, բարձրանում, գոգնոցները լի բամբակ։ Հենց որ գնացքը մոտենում էր, նայում էին անշարժ, ձեռքերը ճակատին դնում, մինչև վերջին վագոնն անցներ։

Հորթերը փախան... Տիտոսի աչքին հորթերը լղար երևացին։

− Լավ չի պահում,− մտածեց նա, նայեց հորթարածին, որ մահակին հենած, ոտքերը մկրատի բերանի պես լայն բաց արած, վագոններն էր համարում։ Եթե նա իմանար, որ ուրիշ աշխարհից մի ուրիշ հորթարած է գնում վագոնի սանդուղքին նստած։

Առաջին կայարանում կանգ առնելը Տիտոսին զարմանալի թվաց։ Նա այնպես էր կարծում, թե գնացքը մի շնչում տեղ պիտի հասնի։ Նոր մարդիկ նստեցին, մի քանիսն իջան։ Էլի երկու անգամ զանգ տվին, գնացքը շարժվեց։

− Ուր մնացին իշավորները, ալևորը, որ քնում էր իշու վրա, ոտները կախ անում։ Նրանք նորից պիտի վերադառնային նույն ճամփով...

− Հիմա մեր կատուն պառկել է կտուրի վրա, արևի տակ... Ազրայիլը կալ է կալսում։ Եթե հայրը տեսներ իրեն վագոնի մեջ։ Հանկարծ վագոնը նստած գնար գյուղը։ Սեյիդի սեխերը կլցներ մեջը, թող հետևից վազի։ Սարի շները ոնց կփախչեին մաշինի ձայնից... Ամպն ի՞նչ նրա համար, անձրևն ինչ...

Կամուրջի վրայից արագ անցնելիս Տիտոսին թվաց, թե անիվները ջարդվում են։ Բնազդով ետ քաշեց գլուխը։ Կամուրջի երկաթները նրան բարակ ճաղերի պես թվացին։ Քիչ մնաց փափախն ընկներ։

Գնացքը մի անգամ էլ կանգնեց։

− Երկու,− մտքում հաշվեց Տիտոսը։ Միտն ընկավ, թե ինչպես մանուկ ժամանակ մորը հարցնում էր, թե երբ է լինելու զատիկ, ձու ներկեն։