Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու չի վերադառնում։ Շատ են փնտրում, հայտնում օրենքին, գյուղերն ու անտառը մարդ ուղարկում, բայց իզուր։ Ու հետքից մնում են միայն առասպելի նման պատմություններ նրա կյանքի և առեղծված մահվան մասին։

Եթե հարևաններից մեկը խոսք ընկնելուց Զանուն հայտնում էր Մեժլումի ասածը, պառավի սիրտը կոտրվում էր, շաղվում էր միտքը և մոլորված վերադառնում էր տուն, կանչում որդուն՝ Ռուշանին, նստեցնում գոգը, և մատները նրա մազերի մեջ կոխելով, շոյում, հարցնում, թե սոված չի՞... Հարցնում էր, աչքերը հառում մաքուր ավլած գետնին, որի պատկերն այնքան ծանոթ էր, որ կնկատեր, եթե մի շյուղ էլ ընկած լիներ։

Ռուշանը մոր մոտը շատ չէր մնում. ծլկվում էր կամ փողոց, կամ այգի։ Պառավը նայում էր նրա հետևից և ապա ինքն իրեն թոնթորալով, որ նստել է պարապ, վեր էր կենում անխուսափելի դարձած աշխատանքն անելու։

Մի փոքրիկ տուն ունեին և տան մոտ՝ պարտեզ, որի մի մասը բանջարանոց էր։ Տարին բոլոր Ունանը պարտեզից դուրս ուրիշ տեղ աշխատանքի չէր գնում։ Թեկուզ պարտեզը փոքր էր, ծառերը ծեր, մամռոտած փչակներով, բայց Ունանի համար աշխատանքն անպակաս էր։ Քանդված ցանկապատն էր նորոգում, չորացած ճյուղքը կտրում, ծառի տակը փորում և մատներով փափկացնում հողը, ավելորդ խոտերը պոկոտում,− մի խոսքով պարտեզն ու բանջարանոցը նույնքան մաքուր ու խնամքով պահում, ինչքան կինը՝ Զանին դուռն ու բակը։

Եվ ամեն տարի ծառերի ճյուղերը ծանրանում էին խնձորից ու տանձից։ Ունանը փայտյա հենարանները մեկ այս ճյուղին էր դեմ տալիս, մեկ՝ այն։ Ագռավ ու կաչաղակ, ծիտ ու ծիծեռնակ խմբերով ուրիշ պարտեզներից հավաքվում էին, որովհետև այստեղ և՛ քար գցողն էր քիչ, և՛ խնձորներն էին համեղ։

Նրանց միակ կովը, պոզը կոտրած Նարգիզը, սերվում էր այն նախշուն երինջից, որ Զանին որպես օժիտ բերել էր Բաբի Օհանի տնից։ Ամեն իրիկուն նախիրը գալուց կովը դարբասի մոտ բառաչում էր, Ռուշանը բակից ձայն էր տալիս հորը․

− Ապի՜, Նարգիզն եկավ։

Հայրը կանաչ խոտի մի կապ թևի տակ, պարտեզից բակ էր մտնում, խոտը դնում գետնին և մոտենում դարբասը բաց անելու։ Իսկ պառավ Զանին փեշերն այնպես էր վեր քաշում, պղնձե մեծ կովկիթը մի քանի անգամ լվանում, ասես բակում տասը կթի կով էր կապած։ Մինչև Զանին