Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեյը սառած էին խմում, իսկ Ունանը միշտ շորերը հանելուց էր նկատում, որ ակնոցը դեռ քթին է հագցրած։ Ու երբ Զանին ճրագը հանգցնում էր, մթնում շորերը հանում (այդ նրա սովորությունն էր այն օրից, երբ հարս եկավ, ոչ ոք երբեք լուսով չէր տեսել նրան շոր հանելուց կամ հագնելուց), պառկելուց առաջ մի անգամ էլ մոտենում էր Ռուշանի վերմակը շտկում, մթնում երկու պառավ դեռ երկար էին քչփչում, մինչև Ունանը հորանջի և կողքին դառնալով կնոջը պատվիրեր իրեն կանուխ զարթեցնելու.

− Տանձիքը պիտի ջրվի՜... Էգուց ջրի հերթը մերն է...

Իսկ պառավը դեռ միտք էր անում... ուրեմն գուլպաները ստացել է... իր գործած գուլպաները, ձյունի նման փափուկ ու սպիտակ... Հասել են, գուլպաները գնացել են ու հասել Անտոնին... Ուրեմն կարոտ կա, որ ասում է, թե ինչո՞ւ ես ուղարկել, նեղություն ես քաշել... Անտոնը հենց փոքրուց էր սրտով։ Մի անգամ փուշ էր մտել Զանու ոտքը... մրմռում էր ու ինքը ասեղի ծայրով ուզում էր փուշը հանի... Երբ գլուխը վեր հանեց, Անտոնը հարցրեց, թե ցավը կտրե՞ց, նանի... Վաղոն էլ էր ջիգյարով... Լեզուդ պապանձվի, ինչո՞ւ ես նրան ջոկում Անտոնից... Էն որ չէր թողնում իրեն ալյուրի պարկը շալակի։ Ուսն առավ ու մի շնչով ջաղացից տուն բերեց... Է՜հ, հիմա տեսնես քնել ե՜ն... Չէ, քաղաք է, ո՞վ գիտե երբ են քնում... Էդ լավ չի, որ զորքի վրա է... կռիվ կա... պատերազմ կա... Մի բան չպատահի՞, մի բան չպատահի՞...

Պահարանում շարած պղնձե ափսեները զրնգացին.... կատուն էր։ Լիզում էր ու վեր գցեց։

− Փի՜շտ,− ձայն տվավ Զանին։ Կատուն հեռացավ։ Նրա մտքի թելը կտրվեց։ Հիշեց, որ երեկոյան ափսեները չի լվացել սամավարի ջրով:

Ռուշանը քնի մեջ ծանր էր շնչում։ Մայրն ականջ դրեց ու վեր կացավ բարձը շտկելու։ Ու երբ գրկեց գլուխը, երեխան քնի մեջ շրթունքները շարժեց ու խոր շնչելուց հետո նորից թանձր քուն մտավ... Մայրը համբուրեց նրան ու բոբիկ ոտքերը մթի մեջ զգույշ փոխելով, հասավ տեղը։

− Ռուշանը... Հանկարծ կատուն չգնա, դոշին նստի... Էգուց ալևորին ասեմ փենջարան ճիլոպով ծածկի... էնտեղով է մտնում, թե չէ դուռը փակ է... Ռուշանը... կմեծանա... Ապրեմ էնքան, մինչև նրա կանաչ կարմիրը կապեմ, իմ ձեռքով մի փափուկ բարձ լցնեմ...

Զանին հիշեց, կոտրած կարասի մեջ պահած բմբուլին վաղուց չի նայել... ցեց մտած չլինի՞։ Հետո միտքը սահեց, ինչպես հանդարտ լողացող ամպի քուլա... Հիշեց Ռուշանի խոսքը, երբ ինքը հավերին էր կուտ տալիս։