Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Նանի՛, որ մեծանամ քեզ համար ինչքա՜ն հավ եմ առնելու...

Ու քունը թեթև փետուրի պես իջավ Զանու հոգնած կոպերին:

Արևը մայր էր մտնում։

Զանին գուլպան ձեռքին նստել էր կեռասենու տակ։ Կաչաղակներն ու ծտերը թռչկոտում էին ճյուղից ճյուղ, կտցահարում կիսակարմիր կեռասը։ Երբ նրանց աղմուկը սաստկանում էր, Զանին կողքին դրած բարակ ճիպոտը ճոճում էր, «հուշտ» անում... Ծտերն ու կաչաղակները փռռալով թռչում էին, պահվում մյուս ծառերի ճյուղերին ու հետո նորից մեկ-մեկ հավաքվում... Կտուրի վրա, բնի կողքին կանգնել էր ծեր արագիլը ու պլշած նայում էր, երբեմն գլուխն այս ու այն կողմը դարձնում։ Զարմանո՞ւմ էր կաչաղակների հանդգնությանը, թե զայրացած էր, որ անհանգստացնում են պառավին,− միայն երբ Զանին ճիպոտ էր վերցնում, արագիլն էլ թևերն էր թափահարում, կարծես ինքն էլ էր քշում աներես ծտերին։

Հանկարծ արագիլը վիզը երկարեց, դժվարությամբ թևին արավ ու թռավ։ Հենց այդ վայրկյանին մեկը մոտեցավ դարբասին, կոչնակը ծեծեց.

− Զանի՛ մոքիր, դուռը բաց արա, աչքալույս եմ բերել...

Պառավին թվաց, թե ծնկները պոկվեցին։ Ու քիչ մնաց ընկներ... Գուլպան ձեռքից սահեց գետին։ Պարտեզի դռնակը բացվեց ու Ռուշանը գնդակի թափով վազեց դարբասի կողմը։ Ու հևիհև ներս ընկավ. ներս մտավ Մեժլումի հարսը։

− Զանի՛ մոքիր... Անտոնը, ձեր Անտոնը հրեն գալիս է... ֆայտոնում նստած։ Աչքալուսս տուր... ես բուրդն էի լվանում, մին էլ ֆայտոնը կամրջի գլխով անցավ։ Տեսնելս ու ճանաչելս մին եղավ։ Հրես որտեղ որ է ձենը կլսվի... Ասի բուրդին նայեք, ես վազեմ... թե որ չէի՜ ճանաչել, էն ա աչքալուսս...

− Ռուշա՞ն, այ ալևոր...

Ռուշանը չկար։ Մեժլումի հարսի հենց առաջին խոսքից նա դուրս էր վազել: Պարտեզի դռնակը բացվեց, երևաց Ունանը։ Ծերունին մի վայրկյան զարմացած նայեց։

− Անտոնը, ա՛յ մարդ,− իսկ Մեժլումի հարսը ձեռքով հասկացրեց, որ աչքալուսն ինքն է բերել: Ծերունին քայլերն արագացրեց, շապիկը կոճկելով։ Լսվեց զանգակների ձայնը...

Վաղուց, շատ վաղուց պարտեզի դռնակը կիսաբաց չէր մնացել... Ստվերում նստած հորթը վեր կացավ ու կամացուկ ներս մտավ երբեք չտեսած մի աշխարհ, ուր աճում էր համեղ ու մսոտ տերևներով կաղամբը։