Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նարգիզն եկավ, դռան մոտ բառաչեց, Զանին կովկիթն առանց լվանալու իջավ սանդուղքով, նրա հետևից Ունանը։ Երբ կովի երկրորդ բառաչին հորթը պոչը ցցած դուրս եկավ պարտեզից, երկուսով իրար նայեցին:

− Լավ, անցել է,− ասաց Ունանը և սկսեց Նարգիզի ճակատը քորել։

Պառավ արագիլը զարմացած նայում էր բակին, երբ սանդուղքով իջնում էին ու բարձրանում, վախեցած ետ էր քաշվում, մոտենում բնին։ Այդպիսի եռուզեռ նա չէր տեսել, ո՞վ է այն բարձրահասակը, որի ծանր սապոգներից ճռռում էին սրահի տախտակները։

Հարևանները մեկ-մեկ հեռանում էին։ Մթնում էր։ Անտոնը մոտեցավ իրերին, սկսեց կապոցներն արձակել:

− Ռուշան, պիոնե՞ր ես...

− Հլա չեն ընդունել...

− Գիտե՞ս որտեղ է կոմիտեն։

− Էն, որ ընկեր Սահակը նստում է, է՜ն,− Անտոնը ծիծաղեց։

− Հա՛, էն։

− Մեր դպրոցի կողքին է,− ինքնագոհ պատասխանեց Ռուշանը, իսկ հայրն ավելացրեց.

− Իվան բեյի օթախներում...

Ծերունիները նայում էին Անտոնի իրերը, մի բարձ էր, փափուկ վերմակ, մի երկու կտոր շոր, գրքեր, զանազան մանրուք։ Զանին միտք էր անում, թե Անտոնը ինչ գործի է քաղաքում, որ լավ ու հարուստ զգեստ էլ չունի։ Մեկ էլ հանկարծ դարձավ Ռուշանին.

− Իվան բեյի օթախները դու ո՞րտեղից ես ճանաչում...

− Ե՞ս,− մանկան ինքնագոհությամբ պատասխանեց տղան, հլա մեջն էլ եմ մտել... Տակին պիոներների շտաբն է, վերը ընկեր Սահակն է նստում։ Հլա մի անգամ էլ հարցրեց, թե նամակ չկա՞ աղբորիցդ,− ու հորը դառնալով ավելացրեց,− ապի, էնտեղ մեծ թմբուկ կա, ա՜յ էսքան...

Ռուշանը թևը բարձրացրեց։

Դարբասը նորից ճռռաց։ Մի քանի հոգի ներս մտան, Անտոնը մոտեցավ նրանց, սանդուղքի գլխին մեկին գրկեց ու համբուրեց, ապա ամուր սեղմեց դեպի իրեն մեկնած ձեռքերը։

− Էս քանի՞ ժամ է, որ երևացել ես մեր երկրի սահմաններում ու չես ներկայացել մեզ,− դարձավ նրան առաջին բարձրացողը և ավելացրեց,− դա՜, բրատ, դու էլ ես պառավել...

Ռուշանը ճանաչեց ընկեր Սահակին: