Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Իրիկունը, ողորմի իրեն, Օհան ապերը (Աթա ապոր պապը), որ տեսավ ուլերից երկուսը չկան, դանակը դրեց սև ուլի վզին, ասաց. «Էնքան ուլը որ Դրնգանի ձորից հանել եք, դուք էլ ողջում տուն եք եկել, էս մի ուլն էլ ձեզ մատաղ...»։ Հիմա ասում ես թե Խանլար փաշան...

Եվ Չետանց Վանեսը պարտվելով լռում էր, լռում էին նաև շտաբի մյուս անդամները և միայն ջրաղացպանը, որ Աթա ապոր մանկության ընկերն էր, երկա՜ր-երկար հորանջում էր, քաղցր և բարակ ձայնով, կարծես շտաբի հարևանը չէր, այլ ամառվա շոգին քնել էր ընկուզենիների ստվերում և զարթնելով միտք էր անում՝ նորի՞ց քնի, թե վեր կենա նայի ջրաղացի զամբին...

Այդպես էր այն ռազմական խորհուրդը, որի պատճառով Շուղանց հին քարանձավը կոչվում էր շտաբ։ Իսկ եթե կոչում էին նաև բազար, չպետք է կարծել, թե Մելքումովներն իրենց մաղազան կողպել էին և ապրանքը դարսել քարանձավի խոռոչներում։ Ճշմարիտ է, 1919 թվի ձմեռը և դեռևս նույն թվի գարնանը Մելքումովները փակել էին խանութը, բայց ապրանքը նրանք հակերով դարսել էին խոր մառաններում և դեղի համար գյուղացիներին վաճառում էին չերթ շաքար, երկու խան արշին կտավ պատանքի և մի վարդ թաշկինակ՝ նորահարսի համար։ Որովհետև ինչքան էլ կյանքը դժվար էր և շատերը կիսաքաղց էին օրը մթնեցնում,− այնուամենայնիվ հիվանդի սիրտը շաքարով թեյ էր ուզում, ննջեցյալին սովորություն էր պատանքով թաղել, իսկ եթե աղջիկ էին ամուսնացնում, նորահարսին վարդ թաշկինակ ընծայելն անհրաժեշտ էր, ինչպես հարսանիքի զուռնա նաղարան։

Բայց և այնպես Շուղանց քարատակը նաև բազար էր։ Քարատակի մարդիկ կռվի լուրերի հետ իրար էին հաղորդում ցորենի, կաշվի, աղի, նավթի և շաքարի մազանդան,− թեև նրանց մեծ մասը ոչ գնորդ էր և ոչ վաճառող։ Միայն երբեմն փոխանակում էին Նորսի գինին, որ անհայտ է, թե ինչ կերպ, նույնիսկ ռազմադաշտով անց էին կացնում ճարպիկ գինեվաճառները, որոնք լավ գիտեին, թե աշխարհում ավելի շատ խմող ուժ կա, քան կռվող։ Նորսի գինին և Քարահունջի «ջեջան» Շուղանց քարատակում մինչև անգամ փոխանակում էին ավանակի փորքաշի հետ:

Եվ այդ պատահում էր այսպես։

Դալի Ղարդաշի տղաները հանդից տանում էին մի որևէ Մանգասարի զառամյալ էշը, որի նոր փորքաշը տերը պահել էր ջահել էշ գնելու հույսով։ Բայց ահա խորտակվում էր նրա հույսը, քանի որ ժամանակն ահեղ էր և այնպիսի Ժամանակ էր, երբ շատ հույսեր էին խորտակվում։ Սակայն գալիս էր անխուսափելին։ Մանգասարի կինը ծնում էր մի սպիտակերես