Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խմբերից մեկն ու մեկին: Մեծ մասի համար Շուղանց երբեմնի հարդանոցը տաք անկյուն էր, որտեղ կարելի էր մի առ ժամանակ մոռանալ տան հոգսը, կարելի էր մի բարի լուր լսել և ապրել հույսով, թե շուտով կվերջանա տեր Նորընծայի ասած «աշխարհավեր պատերազմը» և մանգաղներն այլևս չեն ժանգոտի։ Այդ մեծ մասը երբեմն մասնակցում էր զինվորական խորհրդին, եթե օրվա լուրը շատ կարևոր էր,− և այդ ժամանակ քարատակում ոչ բազար էին անում և ոչ թուղթ էին խազում։ Իսկ երբեմն մի պարկ կորեկի և կես փութ ազի փոխանակումը դառնում էր ամենքի մտահոգության առարկա, երբեմն էլ նույնիսկ Չետանց Վանեսը նայում էր Բալթա Թիվու օիններին...

Քարատակ եկողների մեջ միայն մի մարդ կարող էր ընդհատել նույնիսկ զինվորական խորհրդի նիստը։ Այդ մարդը Նիազանց Անդրին էր, գյուղի սրախոսը, որի պատմությունները մինչև այժմ ասում են, թեև այլևս չկա այդ քաղցրախոս լեզուն։ Անդրին մտնում էր, ողջունելով «աստծու ծեծած խեղճերին».

− Հը՛, Աթա ապեր, Ղարսը առա՞ք, թե տվիք... Սպասի ես թիլիպոնով խոսեմ տեսնեմ հի՞նչ կա աշխարհում...− և արձակում էր այծեմազ պարանը, որ գոտու փոխարեն փաթաթված էր մեջքին, պարանի փայտե կեռը հագցնում էր քարատակի դռան ունկին.

− Հը՛, ցենտրալնի, ա՜յ ցենտրալնի, դավայ Բաքու... Բարիշնա ջան, Բաքու դա՞, Բաքու... Հը՞, Բաքու։ Ա՜յ Բաքու, ախր մարխի ծխում կոտորվեցինք, բա հի՞նչ ես ասում... Արա, ո՞ւր ա պանիրը։ Պանրի երե՛ս ենք տեսնում։ Որ ագռավի ծերտ ենք տեսնում, վրա ենք տալիս... Ղարդաշ, ա՛յ ղարդաշ, բա ե՞րբ ես խռիկ տալի էն Խանլարին։ Հը՞, գնում է անգլիացու վրա։ Ո՞նց թե. Անգլիայի ճանապարհը հո մեր ձորերով չի։ Մենք խռիկ տվինք մեր բաժին անգլիացուն[1]... Հա, քեզ մատաղ, ղարդաշ Հուսեին, Իվանին բեր, բեր է՜ սարու ռուսին։ Էնքան շլորի տերև քաշեցի, լյարդս սևացավ։ Հա՛, քեզ ղուրբան, հաց կլինի, նավթ կլինի, շաքար կլինի։ Հրեն Անա զիզին տկլոր է, ամաչում է աղբյուրը գնա... Հը՞, օրիորդ, Հայաստանի կողմերում ո՞վ կա... մարդ-մուրդ մնա՞ց, թե բոլորն իրար կերան։ Դրովի զորքը գալիս է Զանգեզո՞ւր... Քո շունը լինեմ, Րևան, էդ կրակը մեզանից հեռու պահի։ Խումբի տղերքը մեզ կերան, Մանգասարի էշը փալանով կերան, արտերը կանաչ կերան, մի խակ տանձի համար տեր Նորընծայի... տանձը կերան...

Քարատակը դղրդում էր ժողովրդի ծիծաղից, մինչև անգամ ջրաղացպանն

  1. 1919 թ. մայիսի 4-ին Զանգեզուրից վտարեցին բրիտանական գեներալ Շատելվորտի միսիան: