Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր ծիծաղում և ուրախության արցունքը գլոր-գլոր ընկնում էր նրա սպիտակ միրուքի վրա։ Այս և այն կողմից բացականչում էին.

− Այ թե հա՜...

− Դամբի լինի, Անդրի,− և նույնիսկ Բալթա Թիվին, խաղը թողնելով, ասում էր.

− Ցիրկի կլովուն կլինի, երևելի կլովուն...

Իսկ Նիազանց Անդրին ծիծաղի աղմուկի մեջ շարունակում էր «հեռախոսել»՝

− Րևան, քանդվես դու, որ քանդեցիր մեզ... Ամեն մի շանորդի երկաթի կտորը քամակից կախել է, ժողովրդի գլխին կամիսար է դառել։ Զինվոր տո՛ւր, հաց տո՛ւր, եղ տո՛ւր, ձավար տո՛ւր− էլ չմնաց է՜, չմնաց, մենակ սևացած օճորքը մնաց և մեր հարսի...− և նա այնպիսի խոսք էր ասում, որ Աթա ապերը նրան անվանում էր «շեթ անամոթ», իսկ քարանձավում նորից հնչում էր ժողովրդի ծիծաղը։

Բայց ի՜նչ ուրախության էր, երբ Նիազանց Անդրին ներս էր մտնում սազը մեջքին։ Այդ ժամանակ ամեն զրույց վերջանում էր, և այնպես լուռ էին լսում, որ նույնիսկ Աթա ապերը գետնից չէր վերցնում բռնոթամանը, ո՛չ նրա համար, որ կմոռանար Խանլար փաշայի բանակատեղը, այլ որովհետև բռնոթի քաշելուց հետո Աթա ապերն այնպես էր սաբր գալիս, այնպես աղմուկով էր սաբր գալիս, որ մինչև անգամ փոստի տրակտով անցնողները լսում էին նրա փռշտալը, ինչպես եթե մի քերծ փլվեր։

Եվ ամենքը լուռ լսում էին Նիազանց Անդրու նվագը... Երեխաները, որոնք մեծերի ահից մուտք չունեին Շուղանց քարատակը, հավաքվում էին դրսում, դռնամուտից լսում էին այդ նվագը և զարմանում էին, թե ի՞նչ կա Նիազանց Անդրու ճոռթած, կոշտ և կոպիտ մատների մեջ, ի՞նչ զորություն կա, որ այդպես լացացնում է մարդկանց։

Այդ երգերը հիմա չկան և լավ է, որ հիմա այդպես չեն նվագում։ Գուցե թե մի հեռավոր գյուղում դեռևս մեկը սազ է նվազում, բայց ոչ այդ սազն է Անդրու սազի նման և ոչ նրա նվագը։ Երբ քարատակում Անդրին նվագում էր, մեկը հիշում էր անհայտ կորած որդուն և սուգ էր ասում, մյուսի աչքերի առաջ հառնում էին լեռներն աշունքին, երբ քոչն արդեն գնացել է, ցուրտ ամպերը լիզում են ուրթի տեղերը, հիշում էթ օջախի քարը, որի մոտ ամառը լուսնկա գիշերով կրակ էր արել մի շարմաղ աղջկա... Նա այդ էր հիշում, իսկ նրա կողքին նստողը միտք էր անում, թե ե՞րբ կբացվի իր կյանքի փակ դուռը, տաշտում ե՞րբ հաց կլինի, երեխաները մերկ չեն լինի, ծառ կտնկի, ծառը պտուղ կտա և երբ հասնի արդար ծերության, իր տնկած ծառի ստվերում կնտի գոհ և երջանիկ: