Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ Անդրին այլևս չէր նվագում և արդեն սազը կոխում էր պարկի մեջ,− դեռ ոչ ոք ձայն չէր հանում, կարծես ամենքն ուզում էին լսել մինչև վերջին հնչյունը, որ արդեն պոկվել էր լարերից և քարանձավում թրթռում էր, ինչպես արևից զարթնած ոսկե թիթեռ։ Եվ նույնիսկ այն ժամանակ նրանք չէին խոսում, երբ Անդրին, սազը պարկի մեջ տեղավորելուց հետո, ասում էր.

− Ինչո՞ւ եք լռել, այ սրտամեռ խեղճեր...

Միայն այդ ժամանակ ոմանք հառաչում էին, կարծես զարթնում էին խոր քնից, ծխելով թեժացնում էին չիբուխների սառած կրակը, իսկ ով քարատակն էր եկել կաշվե ձողով, շարունակում էր քերել տրեխացու կաշին։ Չետանց Վանեսը գրպանից հանում էր ղավը, ահագին պողպատը զարկում էր կայծքարին, իսկ Աթա ապերն առնում էր բռնոթամանը...

− Ծաղկես դու, Անդրի... Երեխայի նման մեզ մղկտացրիր... Զորանաս, մեջլիսներում մշտական զա՜...աար... դաա՛ա− և պատահում էր այն, որ փոստի տրակտով անցնողները կարծում էին, թե քերծ փլվեց։

Այդ ամենից հետո Բալթա Թիվին դարձյալ շարունակում էր թղթախաղը։ Իսկ մյուսները հավաքվում էին Աթա ապոր շուրջը և ծայր էին առնում այնպիսի զրույցներ, որոնց լսողը կմտածեր, թե 1919 թվի ձմեռը չէ, այլ շատ վաղ ժամանակ և գյուղում ոչ կոմիսար կա, ոչ ֆրոնտ կա և ոչ սովի ահ,− այլ քարանձավների դարն է, դուրսը ցուրտ ձմեռ է, մութ խավար,− մարդիկ մտել են այդ թաքստոցը և կրակի շուրջը բոլորած պատմում են որսից, գազաններից, քաջքերից, որոնք բնակվում են հենց այդպիսի քարատակներում, կարող են պարել, զուռնա փչել, մթնում կարող են մենակ մարդուն խաբել և քարափից գցել ձորը...

2

Մտավ 1920 թիվը, ձմեռը զոռեց և սովը սաստկացավ։

Թեև Խանլար փաշայի զորքը նահանջել էր, սակայն հաղթանակն ուրախություն չբերեց։ Կարծես այդ պատերազմը, որի վախճանին քաղաքում թափոր և զորահանդես եղավ և գինի խմեցին հաղթողների պատվին,− կարծես այդ կռիվը եղել էր յոթ սարից այն կողմ մի աշխարհում, որի միայն անունն էին լսել քարատակի մարդիկ։

Հաց չկա՛ր,− ցամաք հաց, գարեհաց և նույնիսկ կորեկի բլիթ չկար: Իսկ ձյունը գալիս էր և գարնան ոչ մի նշան չէր երևում։ Այդպիսի ձյուն Աթա ապերը իր կյանքում չէր տեսել։ Իզուր տեր Նորընծան ամեն օր գուշակում էր «բարեխառնություն օդի և ջերմություն ջրի»: Ցերեկը ձյունը