Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դադարում էր, երևում էր սառն արևը և նոր ձյունի ցոլքն ընկնում էր ժայռերի լանջին։ Մարդիկ հազիվ էին մաքրում դուռ ու բակ և ցրտին կուչ գալով մի կերպ արահետ էին բացում դեպի հարևանի տունը, երբ գորշ ամպերը նորից էին կախվում, սկսվում էր ձյունը, լեռնային երկրի ձյունը, որ իջնում է անընդմեջ,− այն սպիտակ ձյունը, որ փայլում է աստղերի լույսով և թվում է, թե ձյունը կաթկթում է ցուրտ աստղերից։

Ահավոր ձմեռ էր. դաշտերից ծտերը փախչում էին դեպի հարդանոցները, նապաստակները գիշերով թաքնվում էին դեզերի մեջ և գայլերը պտտվում էին տաք գոմերի շուրջը և նույնիսկ նրանցից հանդուգն էլ գիշերով վազում էր գյուղի միջով՝ իր հետևից ձյունամրրիկի նման բարձրացնելով շների կաղկանձը։

Ոչ դիրք էր մնացել, ոչ դիրքապահ զորք։ Այդպիոի ձմեռը Սուլթան Մուրադի բանակն էլ չէր անցնի Զանգեզուրի լեռներով։

Աթա ապոր շտաբն այլևս չկար։ Պղնձե բռնոթամանը նա այլևս գետնին չէր դնում, որովհետև բազմաթիվ ձեռքեր մեկնվում էին նրա կողմը, մանավանդ Քալանթար Բեդին թաթն այնպես էր կոխում, կարծես Աթա ապոր բռնոթամանը վայրի մեղրաբուն էր։ Միայն նրա ձեռքին հոնի «տեր Ողորմյա» էր։ Կորիզները գլորելով՝ Աթա ապերը գուշակում էր, թե երբ պիտի բացվի լավ օրը և վերջին կորիզը միշտ ընկնում էր աստծու անվան և ապագան մնում էր մութ։ Աթա ապերը լռում էր և եթե խոսեր, միայն ջրաղացպանին կասեր.

− Էլի փառք, որ շառի վրա չեկավ...

Բազար էլ չկար։ Ոչ առնելու բան կար, ոչ ծախելու։ Միայն Բալթա Թիվին էր աննկուն։ Քարատակում որքան ավելի խոսում էին հացի մասին, նրա խումբը ավելի համարձակ էր խաղում։ Արդեն խաղում նա տարել էր Մելքումովների մաղազան, Կատարի Խաչի ուռիները, տեր Նորընծայի ջորին, մինչև անգամ Կուտուռուզ Սաքոյի Բողար շունն էլ տարել էր և թաղը մեծացնելով տեղափոխվել էր Բաքու և մեկը մյուսի հետևից տանում էր Լիանոզովների նավթահորերը։

Երբեմն մեկը քարատակում հառաչում էր թոքերը կտրատելով և այնպես խոր, որ հարևանը նրան էր նայում, կարծես այդ հառաչի հետ դուրս էր թռել հառաչողի շունչը։

− Իսոն ասում էր էգուց եզը պիտի մորթի,− լռության մեջ լսվում էր մի ձայն։

− Իսո՜ն...

− Ասում են եզը պիտի մորթի...− և ասողը նայում էր հարևաններին, աչքերով հարցնում էր, թե եթե Իսոն եզը մորթի, ի՞նչ կլինի։