Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զրույցին և Աթա ապերն զգում էր, որ նրանց հետ դժվար է գլուխ դնել։

Աթա ապերը զգաստացավ, երբ Անդոն, այդ զինվորներից մեկը և հենց Աթա ապոր եղբորորդին, ասաց.

− Հորեր շատ, դու հանող ասա, Աթամի...

− Այ տղա է՜...− և Աթա ապերը ձայնը բարձրացրեց, որովհետև հակառակորդն իր արյունն էր.– ես գլխի եմ, թե ուր ես ծռում, համա առաջդ քար կա... Կամաց, վեր կընկնես...

− Աթամի, թե հորի բերանի քարն ես ասում, կգլորեմ Սանդ աղբյուրի ձորը։ Թե չէ ուրիշ քար չկա։

Մի քանիսը ծիծաղեցին Անդոյի այլիմաստ պատասխանի վրա։ Նրանք հասկացան, որ Անդոն ակնարկում է եղբոր՝ Մելքումովների հորերը, քանի որ Սանդ աղբյուրի ձորը նրանց տան առաջն էր։

− Քեզ ո՞վ է էդպես խրատել... Ուրեմն Մելքումովների ցորենը դո՞ւ ես աշխատել։ Դու խնձորին լոլո էիր ասում, որ նրանք մաղազա բաց արին, ցորենատեր, փողատեր եղան։ Հիմա ասում ես...

− Աթամի, ախր Օհան պապի հորերը չկա է՜...

− Օհան պապին չկա, ողջ մնա շենը։ Հապա էսքան մարդ մի Օհան պապի չարժի՞։

− Շատ էլ արժի, հաց տուր է, հա՛ց...

Եվ քարատակում սկսվում էր սուր վեճը, «կռաժմունք»-ը,− ինչպես ասում էր աշխարհի չար ու բարուց հեռու ջրաղացպանը։ Անդոն մի կողմից, Աթա ապերը մյուս և երկուսին էլ միանում էին կողմնակիցներ, վեճն այնպես էր թնդում, որ հեռվից լսողը կկարծեր, թե երկու գյուղի միջև ջրի կռիվ է և ահա ուր որ է պիտի տրաքեն մահակները։

Վեճի թունդ ժամանակ Աթա ապերն սկսում էր հայհոյել Անդոյի քեռիներին, որոնց կողմն էր քաշել Անդոն, իսկ նրանք, Անդոյի քեռիները, Աթա ապոր ասելով, քարավան կտրողներ են։ Նա հայհոյում էր Անդոյին ճանապարհից ծռողներին, նրա խրատիչներին՝ մեծից մինչև փոքրը, ապա շուռ էր գալիս Անդոյի պաշտպաններից մեկի կողմը, ներկում էր նրա յոթ պորտը, անվանելով բակլայի գող, մատաղ ուտող, մաղ ծախող բոշա և էլ ինչեր չէր ասում Աթա ապերը, երբ գազազում էր և սկսում էր հակառակորդին հայհոյել։

− Աթամի, եկել է, եկել... Հրեն դռան կանգնած,− և Անդոն նայեց դռան կողմը։ Եվ նրանք, որոնք չհասկացան Անդոյի հնարը, բոլորը նայեցին դեպի դուռը։

− Ո՞վ է դռանը կանգնած,– և Աթա ապերն էլ նայեց դեպի դուռը։