Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայրերը լսում էին նրան, լսում էին և հոգսի տակ կքած հայրերը, և թեև ապրելը ծանր էր, բայց էլի Աթա ապերը հույս էր, կամ ինչպես ասում էին՝ «ցորեն լեզու էր, որ նման էր ցորեն հացի»։

3

Մարտի վերջին երեք օր արև արեց։ Արեգունի ձորերում ձյունը հալվեց, Եզնարածի առուն բացվեց և երևացին մուգ-կանաչ դաղձի առաջին թփերը։

Բայց հենց այդ երեք օրում մեկը մյուսի հետևից մեռան հինգ երեխա, որից երկուսը մի տնից էին։ Գյուղի համար այդ ամենածանր օրն էր։ Պատահել էր, որ կայծակը խփել էր ոչխարի հոտին և հոտի կեսը այրվել էր,− պատահել էր, որ արև կեսօրին հանկարծ հեղեղը սրբել էր հասած արտերը և մինչև անգամ հնձվորներին էր խեղդել, տարի էր եղել, որ նախիրի մեջ սև ցավը հունձ էր արել և ինչպես հնձվորի աչքից վրիպած հասկեր, ամբողջ գյուղում մնացել էին մի քանի նիհար երինջ,− բայց որ սովից երեխա էր մեռնում՝ այդ ավելի էր պատուհասից։

Ամբողջ գյուղը հավաքվեց դժբախտ տան բակը։ Երբ տնից հանեցին այդ զույգ դագաղները երեսները բաց,− մարտի արևն օծեց և ոսկեփայլ շողացին մանուկների դեղնած արտևանունքները։ Տանը սուգ բարձրացավ։ Թշվառ մայրը ձեռքերը շեմքից դուրս պարզած կանչում էր. «Ո՜ւր եք տանում, իմ ձագերին ո՞ւր եք տանում...»,− կանչում էր ձեռքերը դեպի արևը, կարծես արևին աղերսում էր կյանք տալ սառած մանուկներին։

Այն լեռնային երկրի սովորության համաձայն դիակին ուղեկցում էին միայն տղամարդիկ։ Կանայք մնացին տանը ողբ ասելու նոր և հին մեռելների համար, որոնք ննջել էին ո՜վ գիտե որ տարին։ Իսկ թաղման թափորը դանդաղ բարձրանում էր դեպի ժայռերը, դեպի գյուղի հինավուրց գերեզմանատունը։

Աթա ապոր սիրտը լցվել էր։ Նա այն լեռնցի ծերունիներից էր, որոնք իրենց կյանքում շատ անգամ են նայել մահի երեսին, կոխ են բռնել գայլի հետ, գիշերը մենակ գնացել են մութ անտառներով, գիշերել են ձորի արխաջներում, տեսել են թրատված և արնաշաղախ դիակ,− և ոչ լաց են եղել, ոչ հառաչել են։ Բայց մի փոքր երեխայի լաց կարող է նրանց հուզել։

Աթա ապերն այդ լեռնցի ծերունիներից էր և երբ թափորը գյուղից դուրս եկավ, հանկարծ նրա սիրտը փլվեց և ծերունին սկսեց ողբ ասել։ Լսե՞լ եք դուք լեռնցիների ողբը, ո՛չ այն ողբը, որ կանայք են ասում, շար ընկնելով պատի տակ կամ գերեզմանի շռւրջը։ Նրանք բարակ ձայնով են երգում և ինչքան ողբան, այնքան բորբոքվում է սուգը և ոչ վերջ կա, ոչ