Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգու հանգիստ։ Այդպես են ողբում լեռնցի կանայք, և լսելով նրանց, թվում է, թե մոլորվել եք մի անտակ ձորում և ուր էլ գնաք՝ բարձր ժայռեր են և փրկության դուռ չկա։ Բայց այդպես չեն ողբում լեռնցի տղամարդիկ և այդպիսի ողբ չասաց Աթա ապերը։ Նա սկսեց խոր ձայներից, հանդարտ, ինչպես հողմի առաջին ալիքը, որ անցնում է անտառի վրայով և արտերի վրայով, երբ ծփում են խոտերը և լորը դեռ չգիտե, որ ահա ձագերի վրա կթափվի սև կարկուտ։ Աթա ապերը խոր սկսեց, ինչպես հորովելի սկիզբը, ապա բարձրացավ, կեռմաններով ոլոր-մոլոր բարձրացավ, և ինչքան բարձրացավ, հզորացրեց ձայնը և վերջում, ինչպես սևակնած երկնքի որոտ, դղրդացրեց և արձագանքը դրնգալով գնաց մինչև Մեղրաքերծ, մինչև Զինգիլա քարերը գնաց և յոթ անգամ Պղնձաքարը դրնգաց։

Այդ ողբ չէր, այլ ահարկու բողոք կապույտ երկնքին, բողոք, որին ձայնակցում էր ձմեռվա քնից զարթնող բնությունը և քարե արծիվը, որը երգի աղմուկից դուրս էր թռել,− քարե արծիվն իր թևերի վրա տանում էր մարդու բողոքը մահի դեմ։

Գերեզմանատանից Աթա ապերը գնաց Խուռուփի ձորը, որտեղ արևճակատ ավազահողերն արևից տաքացել և ձյունը հալչում էր։ Ձորում մարդ չկար։ Տաք էր․ Աթա ապերը գնաց ձյուների վրայով, սև ավազահողերով գնաց, կոխելով կածանը, որ տեղ-տեղ բացվել էր, և նստեց գետափի քարին։

Խատուտիկ ջրածտերը քարից-քար թռչելով որսում էին մժեղներ։ Մի ագռավ ձյունի վրա կտցահարում էր չորացած տանձը։ Հերվա մասուրները կարմրին էին տալիս, իսկ մոշի տերևները կարծես նոր էին կանաչել։

− Փա՜ռք քեզ, որ ամեն բան կարգին սարքել ես, մինչև անգամ մժեղներին էլ անտես չես արել...− Ո՞ւմ հետ էր խոսում Աթա ապերը՝ աստծո՞, որ ապրում էր Խուռուփի ձորի արխաջում,− հին թթենու հե՞տ, որի փչակում գուցե ապրում է այն ոգին, որ Աթա ապոր նման սպիտակամորուս ծերունի է և տրեխներ է հագնում և մինչև անգամ արխալուղի գրպանում պղնձե բռնոթաման ունի։ Ո՞ւմ հետ էր խոսում Աթա ապերը,− ինքն էլ չգիտեր, բայց խոսում էր, որովհետև չէր կարելի գարնանամուտի արևին լինել Խուռուփի խաղաղ ձորում, լսել ջրի ձայնը, այն խորհրդավոր ձայները, որ հնչում են քարանձավներում,− տեսնել ձորը խոր լռութլան մեջ և չխոսել։

− Մա՞հ էիր բաժանում, արժանի մարդու տայիր... Հրեն Գիչունց պառավը երկու տարի աղատ-պաղատում է հոգին առնես․․․ Հապա դու կո՞ւյր էիր, քո ձեռքն ինչպե՞ս բարձրացավ անմե՛ղ փոքրերի վրա։ Հիմա