Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապա երկու հին բարեկամները քնեցին օջախի առաջ մեջք մեջքի, ինչպես հովիվ ժամանակ շատ անգամ քնել էին։

Առավոտյան Օրուջն ասաց, որ մութն ընկնելուց ուզում է տուն վերադառնալ։ Աթա ապերն առարկեց։ Օրուջն ասաց, որ տնից անհանգիստ է։

− Ջավահիր քրոջդ հիվանդ եմ թողել...− և լռելուց հետո, հանկարծ, ասես սիրտ առնելով, թուրքը դիմեց իր բարեկամին.

− Աթա քիրվա, ախր... Ես բանի եմ եկել... Ես քո անունդ տվել եմ եկել...

Աթա ապերն ուզեց խոսք ասի, բայց Օրուջը վրա բերեց.

− Աթա քիրվա, ի սեր աստծու, մի ճար... Սովից մեռանք... Ջավահիր քրոջդ անկողնում պառկած եմ թողել։ Չեմ իմանում ողջ կգտնեմ նրան, թե մեռած... Նա ասաց, ա՛յ մարդ, աշխարհում թե մի մարդ մեզ ճար անի, Աթա քիրվան կանի... Հիմա տեսնում եմ, որ դու էլ դառը տեղ...

− Օրուջ, կաց,− և Աթա ապերը վեր կացավ դեպի տան անկյունը։ Պառավը հասկացավ, երկու քայլ հետևեց նրան և կանգնեց։

− Բաց արա պարկդ, Օրուջ,− Աթա ապերը ետ եկավ՝ թևի տակ կորեկով պարկը,− սա է մեր հույսը, մեր հացը...

Ծերունին պարկի կորեկը կիսեց, պառավին պատվիրեց մի քիչ ձավար բերել, մի բուռ չորաթան և նույնիսկ կորեկի երկու բլիթ կոխեց պարկի մեջ, ասելով թե ճանապարհին նա կուտի։

Աթա ապերը միայն խնդրեց, որ եթե իր հարևաններից տունը մարդ գա և Օրուջին հարցնի Գետամեջերի մասին, թող Օրուջը նրանց ասի, որ թուրքերի գյուղերում շատ բրինձ կա, ցորենի արտերը ծփում են և շուտով այնտեղ գարին կհնձեն։

− Մենք ձեր հույսովն ենք ապրում, Օրուջ քիրվա, այդպես ասա, որ նրանք հույսով ապրեն, որ գոնե մեռնողը հեշտ մեռնի...

Եվ այդ օրն ով եկավ Աթա ապոր տունը, տեսնելու նրա հին ճանանչին, բոլորին Օրուջը պատմեց, որ երբ ձյուները վեր կենան և այլևս պատերազմ չլինի, ճանապարհները կբացվեն և քանի-քանի ուղտեր հարավից կբերեն բրինձ, ցորեն և մինչև անգամ թուզ կբերեն։

Մեկն ասաց․

− Օրուջ քիրվա, դու առաջին կռունկն ես... Դու որ եկել ես, մենք համարում ենք, թե բրինձ էլ ունենք, ցորեն էլ ունենք, մինչև անգտմ թուզ էլ ունենք։

Միայն Նիազանց Անդրին սրախոսեց.