Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ էլ, մեզ էլ սպանում են, որովհետև մենք պատերազմ չենք ուզում»։ «Ա՛յ որդի, ախր ե՜ս ով, պատերազմն ով... Ես մի խեղճ, աղքատ․․․ Լա՜վ, ասենք ես պառավ եմ, կյանքս ապրել եմ՝ ես հե՜չ, բա ձեզ նման ջահելներին ինչո՞ւ են սպանում... Ասենք թուրք եմ, բա ձեզ նման հայերին ինչո՞ւ են սպանում...»։ Էն կողմից մի ջահել թե՝ «Ա՛ հայր, մենք էն քո ասած հայերից չենք, մենք նոր հայեր ենք»․․․ «Ափսո՜ս, ափսոս ձեր սրբերին, ձեր հայրերին, ա՛յ որդիներ․․․»։ Էդ խոսքին ձորից ռուսերեն կանչեցին, նրանց առաջ արին տարան... Էսքան ժամանակ ինչ պատմում եմ, էդքան ժամանակ չէր քաշել արանքը, որ ձորից հալևորը թուրքերեն կանչեց. «Ինձ թաղեք իմ էս ջահել տղաների հետ»։ Մինն էլ հայերեն կանչեց․ «Կեցցե կոմունիստը, կեցցե հեղափոխությունը, կեցցե․․․»։ Բայց էն ռուսերեն խոսողը հրաման տվեց, հրացանները կրակեցին, էլ ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն։ Մենակ ոնց որ թե հող էին լցնում։ Էլ ես բան չիմացա. էդպես մնացի պատին կպած, չիմացա ոնց հետ գնացին։ Մեկ էլ տեսնեմ արևը տվեց․ քլունգն առա ներքևի ճանապարհով գնացի տուն։ Մեր բաղի պատն էլ էնպես թերի մնաց...

Մինասի տղա Ստեփանի պատմածը ճշմարտանման է։ Նա խառնել է միայն ամսաթիվը․ գնդակահարությունը եղել է ոչ թե մայիսի 4-ին, այլ 27-ին, ինչպես հայտնի է անում Զանգեզուրի զինված ուժերի հրամանատարության կից ռազմադաշտային դատարանի որոշումից և նրան կցված հետևյալ ակտից.

«Սույն որոշմամբ գնդակահարության դատապարտված 2-րդ վաշտի զինվորներ Ռուբեն Հայրիյանցի և Տիգրան Թոխունցի կոմունիստական քայքայիչ աշխատանքի համար և թուրք Օրուջի՝ Շոթանան գյուղից լրտեսության համար,− վճիռն ի կատար է ածված 1920 թվի մայիսի 27-ին և նույն օրը դիակները հանձնված են հողին...»։

* * *

Մի տարի հետո, Սորանի ձորում, ճանապարհից դուրս ծլեցին մի թուփ ընկուզենիներ։ Մինասի տղա Ստեփանի ասելով կարծես հողի տակ մի բուռ ընկույզ էին թաղել... Ձորով անցնող նախիրը տրորել էր այդ տունկերը և միայն երկու ընկուզենի դիմացել էին անասունների ավերածության։

Նրանք հիմա ահագին ծառեր են և ստվեր են գցում ճանապարհի վրա և պատահում է, որ ճանապարհով անցնողը նստում է նրանց ստվերում։