Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չեն եղել։ Այդ մի դինաստիա էր հողագործների, բրուտների, ներկարարների, դարբինների և տավարածների, ցեղային դինաստիա, որ ի դեպ գլխավորում էր բուն Կյորեսի և նրա միջնաբերդ Շենի կռիվը Գորիս քաղաքի և նրա «օտարականների» դեմ։ Ղաթրինի Աղալոյի ժամանակ Գորիսը դեռ քաղաքագլուխ չուներ և քաղաքը դեռ չէր տարածվել մինչև Մեծ կամուրջը։ Ղաթրինի Աղալոն դեռևս կարող էր Գորիսի վաճառականներից երեքին խուրձի թոկով շալակել և սպառնալ նրանց թափել ձորը, եթե վաճառականները Թավրիզի կտավը չծախեն յուղի հետ բարաբար։ Նրա ժամանակը հեշտ էր. ինքը Շենն ուներ իր կտավագործները, իր դերձակները, իր իջևանատները, որտեղ գիշերում էին ուրիշ երկրներից քարավաններ։ Վերջապես Ղաթրինի Աղալոյի ժամանակ վաճառականների մեծ մասը դեռ «ղարիբական» չէր, այլ կյորեսեցի էր, այսինքն վարուցանք ուներ և մինչև անգամ ապրում էր Շենում, առևտուրն անելով Գորիսի շուկայում։

Այլ էր Գյուրջի Օրին և նրա ժամանակը... Գորիս քաղաքն ուներ երեք հարկանի բանտ, այնքան ընդարձակ, որ կարող էր Շենի կեսը մեջն առնել, ուներ ուրիշ կալանատուն՝ սուբահանոց, միայնակ կալանավորների համար,− այնտեղ էր նստում գավառապետը, այնտեղ էր ձիավոր պահակների զորամասը և Պենզայի 686-րդ դրուժինան։ Գյուրջի Օրին գզգզված շորերով, ինչպես հետին մուրացկան, հարբած դուրս էր գալիս Շենի միջնաբերդից և ծածանելով զգեստի ծվենները, քաղաքի հրապարակում հայհոյում էր քաղաք հիմնողին, նրա գլխավորին, Կյորեսը կույր դանակով մորթողներին... Այն ժամանակ իրենց մաղազաներից դուրս էին գալիս Գորիսի առևտրականները՝ Եփրատ Երեմը, Մալակրովնի Նիկոլայը, Բադիրին Չանթա-Ռեխ Գալուստը, եղբայր Բաղիրովները և զվարթ ծիծաղում էին, ինչպես եթե հրապարակում կապիկ պար ածեին։ Բայց երբ Գյուրջի Օրին սկսում էր խաղ ասելով տեսնել Գորիսի անվանի քաղաքացիներին,– այն ժամանակ նրա շուրջն էին հավաքվում հացթուխները, խմոր հունցողները, կոշկակարի աշակերտը, որին վարպետը ջրի էր ուղարկել, մշակները, որոնք անկյուններում սպասում էին, թե նրանց ով հացափոր աշխատանք կտա և մինչև անգամ քազաքագլուխ Մատվեյ Մատվեյիչը, նույն ինքը՝ Մատթևոս բեյը չէր կարող կտրել Գյուրջի Օրու այդ լեզուն։

Կար Գորիս և կար Կյորես։ Երկու տարբեր ժողովուրդ էին և տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, անունները և մշտաբորբոք կրակի նման նրանց միջև վառվում էր հին կռիվը։ Թե ինչ ազգի մարդիկ