Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանր-ծանր, կարծես բառերը ձուլելով թափում է և դեռ երկար կպատմի, թե ինչպես խոջա Բաղիրի թոռը նրան խաբեց և երկու բեռ ցորենի դիմաց տվեց մի ոչինչ բան՝ մի քանի արշին չիթ, պառավի համար հալավացու, երկու գրվանքա շաքար, մի քիչ բռնոթի, այն էլ կեսը հող։ Ընդհատենք Աթա ապորը և հարցնենք, թե խոջա Բաղիրի թոռներն ի՞նչ ազգից են։

– Շան ազգից են խոջա Բաղիրի ճտերը... նրանք էն ազգիցն են, որ խիղճ ասածդ չունի։ Նրանք նասրանի են, նրանք մոլթանի են, նրանք մարդ պլոկող ազգից են...

– Աթա ապեր, նրանք էլ հայ են, տեղացիներ են, հայ վաճառականներ են Գորիս քաղաքից, մինչև անգամ կարող է, որ խոջա Բաղիրը քո Օհան պապի խաչեղբայրը եղած լինի։

– Որ նրանք հայ լինեն, ես հայությունից դուրս կգամ,– Աթա ապերը սկսում է զայրանալ,– հայը ես եմ, Ղուրդանց Իսոն է, որ ցամաք հացին աստված է կանչում,– չկա՛։ Հայը վար կանի, ծառ կտնկի, շալակով փայտ կբերի, քերծ կքանդի, հայը խեղճ ու կրակ ռահաթ է էս ձորերում բառաչող։ Խոջա Բաղիրի ժառանգներն ի՞նչ հայ են, կամ Ավագիմովներն ի՞նչ հայ են, ասենք նրանց պապի անունը հայ է։ Իսկ եթե ասում ես, որ խոջա Բաղիրն իմ Օհան պապի խաչեղբայրն եղած լինի, ուրիշն էլ ասի, չհավատաս։ Իմ Օհան պապի խաչեղբայրը եղել է Բակունց Վիշապը, որ մի նստելում յոթ հաց կուտեր... Ա՜յ թե ով է եղել իմ Օհան պապի խաչեղբայրը... Իսկ խոջա Բաղիրը ուրիշ ազգից է, և կարող է, որ զիլանի եղած լինի։

Կյորեսն ուներ իր սուրբերը՝ Կանաչ եկեղեցի, սուրբ Մարտիրոս («իմ երեսս նրա ոտի տակ» – կասեր Անա զիզին, երբ սուրբի անուն տար), Եզան Սուրբ, Ճգնավոր և այլ այսպիսի ուխտատեղեր՝ հին և հնավանդ, ինչպես այն ընկուզենիները, որ ով գիտե, քանի հարյուր տարի աղմկում էին Մատուռի ձորում։ Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ոչ գիր, ոչ խաչ։ Քարափոր այրեր էին բարձր քերծերի լանջին և կամ խուլ ձորում խոխոջող մի աղբյուր և մի քարակույտ։ Միայն Կանաչ եկեղեցին ուներ ժայռի մեջ փորած սանդուղքներ, որ իբրև թե յոթը տարի փորել էր մի մենակյաց, թեև Սայու Սադին, Կյորեսի նշանավոր քերծ քանդողն ասում էր.

– Չորս փութ կորեկ տվեք, թե յոթ շաբաթում էդքան չքանդեմ, իմ հոր տղան չեմ:

Կյորեսն ուներ այդպիսի ուխտատեղեր, մրոտած պատերով, հողե սև ճրագներով, օջախի քարերով, որը երբեմն տաքանում էր մատաղների կրակից և երբ ծուխը բարձրանար, մի ծերունի նայում էր, թե քամին