Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր գտնում, այլ գտնում էր անասունների հեղեղ, որ սարերից տրաքված մտնում էր քաղաք։

Արդյոք սկսե՞լ հարավից, որտեղից շուկա էին բերում ձմերուկի և սեխի սարեր, Բարկուշատի բրինձ, Օրդուբադի չիր, թուզ և ուրիշ ինչ մրգեր չէին բերում, ուղտերի մեջքին, զրընգ-հա-զըրնգ՝ զանգերով, բոժոժներով և փնջերով զարդարված ուղտերի մեջքին։ Բայց առաջին քարավաններն արդեն վայր են դրել բեռները, ուղտերը նստել են և փակել են ճանապարհը։ Ուղտերը տռնգում են և մի ուղտապան կեռգլուխ մահակով խփում է նստած ուղտին, կատաղած խփում է և ուղտը կեռ ու մեռ ոլորում է վիզը և հեռվից այնպես է երևում, թե մի վիթխարի օձ գալարվում է բեռների արանքում... Արդեն այնտեղ է քաղաքային ոստիկան գարադաբուլդի Մուխանը՝ որին հրամայված է կարգ պահել հրապարակի այդ մասում և բաց պահել ճանապարհը։ Բայց Մուխանը տեսել է Օրդուբադի չրի և թուզի բեռները, լցնում է գրպանները և նույնիսկ գլխարկի մեջ է լցնում։

Ո՞ր ճանապարհով մտնել այդ հարուստ շուկան...

Լավ է շուկա մտնենք ոչ լեռներից իջնող ճանապարհով, ոչ հարավի և ոչ թագավորական ճանապարհով, որով Շուշի քաղաքից բերում էին շաքար, մանուֆակտուրա և երկաթեղեն։ Մենք շուկա մտնենք Կյորեսի ճանապարհով,— այն հին ճանապարհով, որով Գորիս էին մանում ձորերի մեջ կորած գյուղերից՝ ցաքուտեցիք, մեզարցիները, նորուեցիք, ձորկեցիները և ուրիշները։

Գետից այն կողմը ճանապարհը բարձրանում է ջրաղացների կողքով։ Այստեղ դեռևս հին Կյորեսի հետքերն են... Ահա կանաչ ընկուզենու տակ ննջում է ալրոտ ջրաղացպանը։ Ծառից կապած երկու էշ գլուխ-գլխի կանգնել են, կարծես խոր մտքի են և այնքան են խորասուզվում, որ չեն զգում ճանճերի խայթոցը։ Այստեղ դեռևս հին Կյորեսն է... Ճանապարհին ընկած է մի կոտրած նալ, այստեղ այնտեղ թափված են խուրձերից վայր ընկած հասկեր։ Շենից մի աղքատ կին ջրաղացի առաջ փռել է վերջին պարկ ցորենը, այն ցորենը, որին ջրաղացպանն անվանում է հավի կուտ...

Արդեն ետ մնաց վերջին ջրաղացը՝ այն իմաստուն ջրաղացպանով, որ հազար հեքիաթ գիտեր։ Նա իր կյանքն անց էր կացրել այդ ձորում և ձորի ջրաղացում։ Գիշերը մինչև լույս ջրաղացը բանում էր, իսկ ջրաղացպանը եթե չէր ննջում,— ջրաղացի դռանը նստած կամ օջախի մետ՝ պատմում էր իր հեքիաթներից մեկը,– պատմում էր հայերեն և թուրքերեն,—որովհետև նրա ջրաղացն աղուն էին բերում և՛ հայերը, և՛ թուրքերը։