Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ակու-ամի» և ուրիշ ոչինչ,– բայց Ակու-ամին ձեռագրից ճանաչում էր, որ գրողը որբևայրի Հերիքնազի փոքր տղան է։

Ակու-ամին ստանում էր նամակները, դրամը, ծանրոցները։ Ձորկեցիները գալիս էին և առնում իրենց նամակները, դրամը և ծանրոցները։ Ակու-ամին գիտեր, թե որ ձորկեցին է գրագետ։ Եվ նամակների մեծ մասը հենց այդտեղ էլ կարդում էր Ակու-ամին միալար ձայնով և միայն, երբ դժբախտ լուր էր, նա ցամաք հազում էր և ակնոցի վրայից նայելով նամակատիրոջ գունաթափ երեսին, կարդում էր. «որ իմանաս ապեր մեր Անդրիասի աջ կուռը մնաց չարխի տակ և նա լազարեթում պառկած է»...

– Էս լավ է, որ լազարեթում պառկած է,– ընդհատում էր Ակու-ամին,– ուրեմն փորձանքն անցել է, որ լազարեթում պառկած է,– շարունակում էր ընթերցել. «Շատ բարև մեծ քեռակնոջ, Ավանին և երեխաներին և շատ բարևս նմանապես Ավետիսին, Ոսկանին և Ասար բիբուն ասա Կաքավ աղբյուրը դեռ միտս է նաև բարի կամեցողաց...»։

– Ջա՜ն որդի,– ասում էր նամակատերը, անհայտ է նրա համար, որ տղան դեռևս կարոտում է գյուղի Կաքավ աղբյուրը, թե՞ նրա՝ որ «մեր Անդրիասի աջ կուռը մնաց չարխի տակ»...

Ափունց Ակու-ամին ստանում էր ձորկեցիների նամակները, հարևանը՝ ցակուտեցիների, նրա հարևանը՝ Բադամ Բախշին ստանում էր նորուեցիների նամակները... Այդ խանութներում նամակները կարդում էին, ուրախանում էին, եթե լուրը բարի էր, դժբախտության դեպքում մխիթարում էին և բոլոր դեպքերում նամակների պատասխանն ինքը՝ Ակու-ամին գրում էր ձորկեցիների համար, հարևանը՝ ցակուտեցիների և Բադամ Բախշին՝ նորուեցիների համար։

Ի՞նչ վարձ էին ստանում նրանք,– հայտնի չէր։ Միայն հայտնի էր, որ Ակու-ամին, նրա հարևանը և Բադամ Բախշին երբեմն տասը-տասնհինգ օր, նույնիսկ մի ամիս ժամանակով ինչ-որ գումարներ շահով տալիս էին մյուս մանրավաճառներին և նրանք ճիշտ ժամանակին վերադարձնում էին ձեռաց փոխ առած գումարը։ Երբեմն էլ, երբ գյուղից Բաքու կամ Անդրկասպյան երկիր ուղարկում էին մի ծանրոց, մեջը չորաթան, ձավար, փոխինձ, բրդե գուլպա,– ուղարկողը մի թաշկինակ ձավար կամ մի տասնյակ ձու բերում էր Ակու-ամուն, ասելով.

– Էս էլ քո բաժինը, Ակու-ամի... Քույրդ խնդրեց երեխայի հասցեն լավ գրես...

Այսպես էր այն հին շուկան՝ նավթի ամբարներից մինչև Նազար բեյի տունը, որ արդեն դարձել էր Գորիսի իսկական շուկայի արհամարհված ծայրը, որտեղ դեռ բուրում էր հին Կյորեսը և Շենը՝ նրա մեռնող միջնաբերդը...