Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են,– փռված է հաստ կտավ, մրգերն արևից պաշտպանելու համար։ Այդ անուշահոտ բուրգերի և մրգավաճառի խանութների միջև ընկնում է մի նեղ անցք, այնքան նեղ, որ երկու մարդ կողք-կողքի դժվար են անցնում։ Բայց հենց այդ նեղ անցքն էլ քաղաքագլխի սիրած վայրն է ամբողջ քաղաքում։

Մատթևոս բեյը, նրա հետևից Կիրին շտապում էին ոչ թե մսավաճառների մոտ, այլ անմահության այդ դրախտը։ Առանց զմայլանքի չի կարելի նկարագրել այն տեսարանը, երբ Բիժո Ակյալը, նշանավոր մրգավաճառը, Մատթևոս բեյի քթին էր մոտեցնում դեղին կանաչ սեխը, որի վրա դեռ մնում էր ցողի մի քանի կաթիլ։ Եվ Մատթևոս բեյը, որ ալեհեր էր, երեխայի նման հիանում էր, Բիժո Ակյալի ձեռքից սեխն առնում և հոտոտում էր։ Ապա այդ սեխը խանութպանն առանձնացնում ու բերում էր ձմերուկ, ի՜նչ ձմերուկ... Իսկ Մատթևոս բեյն արդեն մտել է հարևան խանութը, որովհետև նրա աչքին են ընկել մուգ մանիշակագույն սալորները։ Եվ նա մանրամասն հարցնում է, թե ո՞ւմ այգուցն է, արդյոք սառը մառանում կդիմանա՞ մինչև նոյեմբերի 4-ը (տիկին Օլինկայի ծննդյան օրը), կարելի՞ է մուրաբա եփել այդ սալորից, այդ ֆենոմենալ շլորից, ինչպես ասում էր Մատթևոս բեյը։

Օրվա այն ժամն էր, որին ժողովուրդը կոչում էր դատավորի թեյի վախտ, այսինքն ժամը 11-ը անց էր և դատավորները դեռ նոր էին գնում դատարան, որի առաջ խռնված սպասում էր հազար մարդ։ Դատավորի թեյի վախտն էր, բայց Մատթևոս բեյը դեռ չէր հասել մրգավաճառի վերջին խանութին։ Հակառակի նման այդ խանութները շատ էին, բոլորը մի շարքի էին և կարծես դիտմամբ հավաքվել էին, հենց դումայի շենքի տակ, քաղաքագլխի ճանապարհի վրա։ Քաղաքում՝ դումայի մի քանի անդամներ, որոնք պրոգրեսիստ էին, բամբասում էին Մատթևոս բեյի այդ պակաս կողմը և պատրաստվում էին նոր ընտրություններին նրան սև քվե տալ։ Բայց այդ միայն բամբասանք էր, իսկ Գորիսում ում չէին բամբասում, մինչև անգամ նավթավաճառ Գեորգուն էին բամբասում, թե իբրև նավթի պահեստը նա կառուցել է ջրաղացների առվի մոտ, որպեսզի... Զարմանալի քաղաք էր Գորիսը։

7

Առավոտից լսվող առանձին ձայները՝ մի անհանգիստ շան հաչոց, քաղաք մտնող նախիրի բառաչը, քարավանների ղողանջը, Ներսես բեյի հազը, խանութների բացվող դռների աղմուկը, վերջապես այն ձայները,