Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գոլորշին կհանգցնի նռան և սերկևիլի սառած ջրով։ Նրա կողքին տաքանում է հիլի և դարչինի լուծույթը, ավելի հեռու չորանում է այն կարմիր հացը, որ Ներսես բեյը մատներով պիտի փշրի դոլմայի ջրալի հյութի մեջ։ Խոհանոցում այլ պնակների մեջ կանաչի է՝ քաղցր սոխ, կինձ, կոտեմ, առանձին դարսված են սպիտակ բողկի պահունակները,– ոչ այն բողկի, որ հասնում է մի ամսում, այլ այն, որ մի տարում հազիվ է հասնում, բայց երեք տարի համը պահում է։

Խոհանոցում Ներսես բեյի կինը ձեռքի աղացով սուրճ է մանրում և գանգատվում է, որ ֆրանսիական ապրանքների մագազինից այլևս հարկավոր չէ սուրճ առնել, այլ հարկավոր է առնել Եփրատ Երեմից, որի սուրճը Լյուդմիլա Լվովնան շատ է հավանել։ Նա գանգատվում է, բայց ականջը կաթսայի կողմն է. յուրաքանչյուր քլթոց, կափարիչի յուրաքանչյուր զրնգոց նրա համար նշաններ են դոլմայի ձևավորման։ Տանտիկինը ձեռքի փոքրիկ շերեփով չափ է տալիս այդ բարդ շարժմանը։ Ինչպես նավավար նա վարում է ճաշի նավը մինչև վերջին նավահանգիստը, մինչև...

Բայց այդպես էր բախտը Գորիսի շատ առաքինի և անվանի տիկինների, նրանց այդ էր վիճակված՝ բմբուլի բարձերը փքված պահել, անկողինը փափուկ, ճաշն անթերի և առատ, տունը հարուստ,– իմանալ սուրճ եփել և հյուրերին զբաղեցնել մինչև սուրճը և ապա լոտո կամ թուղթ խաղալ: Այդ էր նրանց վիճակը և նրանցից շատերը նույնիսկ ամուսնու պաշտոնը չգիտեին, այլ միայն գիտեին, որ նա դավթարխանայի մեծերից է և նրանից բարձր միայն երկու բեյ կա՝ այսինչը և այնինչը, իսկ մնացած բոլոր բեյերը նրանից քաշ են, նրանց կանայք՝ իրենից քաշ են, նրանց երեխաներն ի՞նչ են, որ խաղան իր երեխաների հետ։ Նրանք կարող են ունենալ գիլանառի մուրաբա, իսկ իրենք՝ սերկևիլի, նրանց սերվիզն արծաթից է, իրենցը՝ արծաթ ոսկեջրած,– մի խոսքով, մի աստիճան պիտի բարձր լինեին այն բեյերից, որոնցից աստիճանով բարձր էր տան տերը։

Այդպես էին այդ կանայք՝ բազմաթիվ երեխաների մայր, խոհանոցի տնօրեն, հյուրընկալուհի և դեռևս ինչքան պարտականություններ ունեին նրանք... Ահա դիմաց դիմաց պատուհանից խոսում են երկու այդպիսի տանտիրուհի.

– Վարսենիկ, էդ ինչո՞ւ ձեր լույսերը ամբողջ գիշեր վառվում էին... Հյուրերդ ուշ գնացին հա՜...

– Ի՜նչ ուշ, սհաթի տասներկուսին չարեք էր պակաս, որ գնացին... Աղջի, տաք էր, տաք... Սիրտս ուզում էր ճաքի։