Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և վագրեր, ինչպես Խանլար բեյի Ջինդառ շունը, որ տիրոջ հետևից գնում էր գյուղերը հավ հավաքելու, այսինքն աչքին ընկած հավը կուլ էր տալիս և մնում էր անպատիժ, կարծես թագավորական խարջ հավաքող էր։ Հապա պրիստավ Աղալոյի Զանգի-Զրանգին, նրանց փողոցով անց ու դարձը դադարում էր, երբ լուր էր տարածվում, որ պրիստավ Աղալոն էլի մեղք է եկել շներին և նրանց արձակել է։ Վերջապես փաստ է, որ 1913 թվի դեկտեմբերի 4-ին Գորիսի քաղաքային դուման քննության առավ շների հարցը, որովհետև Սիմոն բեյի Թոբուշը կծել է Փոշտի Անտոնի քիթը պարտականության կատարման, այսինքն նամակատարության ժամին։ Այդ առթիվ դումայում մեծ կռիվ ծագեց պրոգրեսիստների և հետադիմականների միջև և միայն արհեստավորության դեպուտատ Չաքմաչի Վեսկանը, որ ոչ առաջադիմական էր և ոչ հետադիմական, այլ պադվալական էր (նա այդպես էր ասել Բարի աջողումի գինու նկուղում),– և միայն Չաքմաչի Վեսկանի առաջարկով դուման որոշեց դեղամահ անել քաղաքի անտիրական շներին (պարոն Արշակի ասելով այդ էլ ուներ իր բուն արմատը, շներից մեկը ցերեկով գողացել էր դուրսը, տակառի մեջ թրջոց դրած պադոշը)։

Այդպիսի անվանի շներ կային Գորիսում, որոնք որդոց որդի ապրելով միևնույն տանը, վարժվել էին իրենց տերերի բնավորությանը, իսկ մի քանիսն այնքան էին երես առել, որ իրենց վարքն ու բնավորությունը նմանեցնում էին տերերին։ Օրինակ, Նազար բեյի շունը, երբ գյուղացին փափախով մտներ նրանց բակը, աղվեսահաչ էր տալիս՝ արագ-արագ և սուր ձայնով և ձայնը կտրում էր, երբ գյուղացին փափախը հանում էր։ Տեր զի բազումի Չամբարը ոռնում էր, երբ լսում էր ռուսաց եկեղեցու զանգերի ձայնը։ Զիլֆուղար բեյը (հայ) մի շուն ուներ, որ երբեք չէր հաչի, եթե նույնիսկ կեսգիշերին գյուղացիները թափվեին նրանց բակը։ Բայց եթե նրանք գային առանց ոչխարի, առանց պանրի և յուղի, շունը քիչ էր մնում շղթան կտրեր, կարծես նա էր կաշառք հավաքում։

Գորիսում այնպիսի շներ կային, որոնք լափում էին դոլմայի մնացորդը և տիրոջ նման հետկեսօրյա քնով քնում էին և նույնիսկ քնի մեջ պուֆ էին անում, ինչպես Ներսես բեյի շունը։ Շները զարթնում էին, երբ հնչեր տիրոջ ձայնը։ Այնուհետև նրանք արթուն պահակ էին մինչև լուսաբաց։ Տերը կարող էր կանաչ սեղանի շուրջը նստել մինչև վերջին ռուբլին, կարող էր բիլիարդ խաղալ, կարող էր հարբած տուն գալ,– ամեն ինչ ապահով կարող էր անել, քանի շունը կար... Մի խոսքով եթե դատական հին գործերում ձեզ պատահի հանդիպել այսպիսի արտահայտության՝ «նա