Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարևանուհու գործը և յոթ օր երկու հարևան պարտեզներից լսվում էին մերթ հանդարտվող և մերթ բորբոքվող կռվի աղմուկ, անեծք և անվայել խոսքեր... Յոթ օր, յոթ գիշեր երկու տունը նման էին երկու բերդի, որտեղից լսվում էին ռմբակոծության ձայներ։ Հաստ Ներսես բեյը նիհարեց, որովհետև նրա կինն այդ օրերին ոչ դոլմա էր եփում, ոչ կոլոլակ, այլ եփում էր այնպիսի խառնափնթոր կերակուր, որ կվայելեր խարչևնի պահող Թևատորոսին։ Ներսես բեյը միայն սովից խեղճացավ և խեղճանալով հանձնառու եղավ, որ Կարճիկ Ներսես բեյը մի ոչինչ մարդ է, գնչու է և նույնիսկ ասաց, որ հարկային տեսուչ Նիկիֆոր Վասիլիչը նրանից շատ է անգոհ...

Իսկ հարևան բերդում ռմբակոծությանը դադարեց միայն այն ժամանակ, երբ Կարճիկ Ներսես բեյը խոստովանեց, թե անցյալ տարի իշխան Այլախիարին գիշերվա կեսին գնաց պարտեզ և որովհետև շատ ուշացավ, ինքը ևս գնաց պարտեզ և ջրածակի մոտ, այսինքն այնտեղ, ուր առուն պատի միջով մտնում է հարևանի պարտեզը,– այդտեղ ինքը տեսավ իշխանին և տիկին Վարսենիկը նմանապես իրենց պարտեզումն էր... Կարճիկ Ներսես բեյն ուրիշ ոչինչ չխոստովանեց իր կնոջը, որովհետև նախ այդ նկատելուց հետո նա անմիջապես տուն էր վերադարձել և ապա նա չկամեցավ անառակ պատմությունով վարակել իր կնոջը։ Նա միայն այդ խոստովանեց, որովհետև կինն իսկույն դեմքը ձեռքերով ծածկեց, ինչպես ամոթխած կին, որ այդ ձևով պաշտպանում է իր կուսական լսողությունը։

Դրանից հետո երկու բերդերի միջև սկսվեց խրամատային խուլ կռիվ և երբ տիկին Վարսենիկը մի աղջիկ ծնեց, թվաց թե նրա կողմը հաղթեց և հույս կար, որ կնունքի առթիվ կարող էր վերջանալ նրանց կռիվը, բայց երկու շաբաթ հետո Կարճիկ Ներսես բեյի կինը ևս մի աղջիկ ունեցավ և նրանք այդպես էլ չհաշտվեցին։

Ի պատիվ երկու Ներսես բեյերի պետք է ասել, որ անձնատուր լինելով իրենց կանանց, նրանք այնքան հեռու չգնացին և իրար ոչ մի անվայել խոսք չասացին։ Նրանք նույնիսկ իրար հետ խոսում էին, երբ հարկային տեսչության տեղեկագիրը Կարճիկ Ներսես բեյը ռապորտով ուղարկում էր իր հարևանին։ Մինչև անգամ չինովնիկների կլուբում, երբ բակարա էին խաղացել, Հաստ Ներսես բեյը հարևանին շատ ազնիվ և քաղաքավարի ասել էր.

– Թուղթը ձերն է, հավաքեցեք...

Ահա այդ չնչին թշնամության պատճառով հարկավոր չի մտնել Կարճիկ Ներսես բեյի տունը։ Նաև կարող ենք խանգարել Լուսիկին, Կարճիկ