Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899 թ. հունիսի 13-ին, Գորիս քաղաքում: «Ոսկե մանկության» տարիները,— ինչպես վկայում են համառոտ «Ինքնակենսագրության» գրանցումները,— անցել են «զարհուրելի չքավորության» մեջ, գավառական քաղաքի հասարակական միջավայրում, ուր կյանքի գլխավոր լծակներն էին «կուպեցի արշինը և չինովնիկի չինը»։ Նախնական կրթությունն ստացել է Գորիսի ծխական դպրոցում (1905-1910), ապա Գորիսի 152 բնակիչների Հայոց Կաթողիկոսին առաքած խնդրագրի շնորհիվ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Այստեղ նա հսկայական հետաքրքրություն է հանդես բերել գիտելիքների տարբեր ճյուղերի նկատմամբ, հատկապես հրապուրվելով իր ժողովրդի քաղաքական պատմությամբ, գեղարվեստական գրականության հուշարձաններով և հարուստ լեզվի պաշարներով։ Գևորգյան ճեմարանի աշակերտները, դրանց շարքում նաև Ակսել Բակունցը, խորապես ուսումնասիրում են հնադարյան-միջնադարյան մատենագիրների, բանաստեղծների, վարքագիրների մատյանները, որոնք նրանց առջև պարզում են ազգային մշակույթի գանձերը։

Վերհիշելով ճեմարանական օրերը, Բակունցը տարիներ անց գրած մի ակնարկում պատմում է. «Դասի ժամին վարդապետը մեկնում էր «Կորընթացոց թղթի» իմաստը, իսկ աշակերտները, հայր սուրբից ծածուկ, ընթերցում էին ծնկների վրա դրված «Էրֆուրտի ծրագիրը»։

Գաղափարական խաչաձև ազդեցությունների միջավայրում Բակունցը հնազանդ քրիստոնեական վարքագծից ավելի հակվում է դեպի ըմբոստ, աներկյուղ կեցվածքը։ Դրա արտահայտությունն էր Շուշվա «Փայլակ» թերթում 1915-ին Գորիսի քաղաքագլխի դեմ Բակունցի տպագրած ֆելիետոնը, որը իրարանցում է առաջ բերում համաքաղաքացիների մեջ։

Այդ ֆելիետոնի շարժառիթով Բակունցին կալանավորում են։ «Ինքնակենսագրության» մեջ գրում է. «1915-16 ուսումնական տարում գաղթի պատճառով փակվել էր ճեմարանը, և ես այդ տարին ուսուցիչ «հրավիրվեցի» Զանգեզուրի Լոր գյուղը։ Ամառը ես «չարություն» էի արել, որը և կարելի է հաշվել իմ գրական մկրտությունը, եթե չհաշվենք «Հիմար մարդը» վերնագրով մի հեքիաթ, որ 1913-ին տպեց «Աղբյուր» ամսագիրը։ Այդ ամառ ես ֆելիետոն էի տպել կարծեմ սոցիալ-դեմոկրատական մի թերթում մեր քաղաքագլխի և գավառական ադմինիստրացիայի դեմ։ Ինձ բանտարկեցին, եղավ «փոթորիկ» և ես բանտարկության 34-րդ օրը ազատվեցի, որպեսգի ուսուցիչ գնամ այն հեռու գյուղը՝ Լոր»։