Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որքան էլ քաղաքը փոքր էր և չուներ ոչ մի ծխնելույզ և գործարանի շչակ չուներ, այլ ուներ հարուստ շուկա, զորք, բանտ, եկեղեցի և ներկայացուցչական վայրեր, այսինքն պետական հիմնարկներ,– այնուամենայնիվ քաղաքը քաղաք էր, ուներ քաղաքագլուխ, քաղաքային դումա, փողոցներն անուններ ունեին հաստատված քաղաքային դումայի և նորին գերազանցության՝ գեներալ-նահանգապետի կողմից։ Այսպես՝ մի փողոցը կոչվում էր Մանուչար բեյի փողոց, մյուսը՝ թագավորական, երրորդը՝ նահանգապետ Կովալյովի անվան, չորրորդն այն առաջին գավառապետի, որը ռազմա-աչքաչափով նկարահանել է գետահովիտը, ապա քանոնով բաժանել հավասար վանդակների, յուրաքանչյուրը չորս հարյուր քառակուսի սաժեն։ Բայց թեև գեներալ-նահանգապետը հաստատել էր և փողոցների անունները փակցրած էին պատերին, տները համարակալած էին (և դեռևս պրոգրեսիստները դժգոհ էին քաղաքագլուխ Մատթևոս բեյի պակաս կողմից),– այնուամենայնիվ ժողովուրդը, այսինքն Կյորեսը՝ Շենը իր բոլոր թաղերով և հարևան գյուղերը ոչ փողոցի անուն էին տալիս և ոչ տան համար․ նրանք ասում էին կալին պա և բոլորը պատկերացնում էին հին կալերը քարափների գլխին, որ դարձել էր քաղաքի զբոսավայրը, ավելի ճիշտ, այն վայրը, որտեղ գիմնազիստները մեջքի վրա պառկում էին և կամ նվագում էին կիթառ, ձանձրույթից թքելով դեպի ձորը, դեպի ձորի հին մարագները։

Կյորեսեցիք եթե ցույց էին տալիս մեկի տան տեղը, ասում էին՝ Սիմոն բեյի տան գլուխը և բոլորը գիտեին, որ խոսքը այն Սիմոն բեյի տան մասին է, որի շան ահից մինչև անգամ մուրացկանները մուտք չունեին։ Միրաքին թումբը,– և նույնիսկ նրանք, որոնք երբեք չէին տեսել այդ երբեմնի բլուրը, գտնում էին քաղաքի այն մասը, որտեղ Ավագիմովների տներն էին, ռուսաց դպրոցը և փոստը։ Գոմեշի փոսեր՝ շուկայի նոր մասն էր, Պասաժը, մինչև քաղաքային դումայի շենքը։ Այդ տեղն այդպես էին կոչել շատ հնում, այն ժամանակ, երբ այնտեղ աղբյուրներ կային, որոնց ջրերում նստում էին Կյորեսի գոմեշները։ Այժմ ոչ գոմեշներ կային, ոչ նրանց աղբյուրները, բայց հին անունը մնացել էր և դեռ հնչում էր այդ անունը, ինչպես Պասաժի հիմքերի տակ խոխոջալով գնում էին աղբյուրները...

Այն փողոցում, որ կոչվում էր Հին ճանապարհ, ապրում էին արհեստավորներ, մեծ մասամբ բնիկ կյորեսեցի։ Նրանք ընտրել էին այդ գետափը գուցե նրա համար, որ հեղեղման վտանգի պատճառով այդ փողոցի տնատեղերն աժան են եղել,– գուցե և այն պատճառով, որ գետից այն կողմ նրանց հայրական բոստաններն էին՝ բակլայի, կարտոֆիլի