Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրամը պահում էր իր սեփական դրամների հետ, հնաձև սնդուկի մեջ, որի բանալին ոսկե շղթայով կախված էր տիկին Վառինկայի կրծքից, իսկ նրա կուրծքը՝ ամենաապահով վայրն էր Գորիս քաղաքում։

Ներկայացնելով Պավլի բեյ Օրբելյանին, նպատակ ունեինք ցրելու այն կարծիքը, թե Գորիսի բեյերը միայն ուտում և քնում էին, որպեսզի երեկոյան բակարա խաղան, մի քիչ բամբասեն, ապա կուշտ ուտեն և քնեն խոր քնով։ Այդ կարծիքը կարող է ստվեր գցել Օրբելյանների տոհմի վերջին շառավիղի՝ Պավլի բեյի անվան և մոռացության տալ այն, ինչ նրա պատմական արժանիքն էր։ Պավլի բեյը «Մշակ» էր ընթերցում և ոչ «Ելիզավետպոլի նահանգային տեղեկատու» ռուսերեն լրագիրը. փողոցի տղաներին նա քարոզում էր հայ աղջիկ առնել, և վերջապես նա էր Հայաստանցու ընտանիքին օթևանել, որովհետև այն ամեհի ժամանակ, երբ Զանգեզուրն ռուսանում էր, Պավլի բեյ Օրբելյանն օր ու գիշեր մտածում էր հայոց թագավորության, ավելի ճիշտ՝ Սյունյաց նախարարության վերականգնման մասին։

Նրա մահից հետո մնացած գրությունները և մանավանդ անձնական օրագրերը վկայում են, որ երբ Հաստ Ներսես բեյը փոխ-նահանգապետին ռապորտով զեկուցում էր, թե Ծիծեռնավանքի ուխտագնացության օրը անհայտ ավազակները հարձակվել են ուխտավորների մատաղացու անասունների վրա և երկու կողմից հրացանաձգություն է եղել,– նույն այդ դեպքի մասին Պավլի բեյ Օրբելյանը, գուցե հենց նույն օրը, այսպես է գրել.

«Արյունարբու և գազանաբարո ավազակներ, ազգով թուրք և ղարա-մամադ ցեղից զինված հարձակվեցան ուխտավորաց վրա և քաջն Ավան Ղուրդանց ի գեղջեն Մխիթարա սպարապետի, Թորոս Թելունց նույն գեղջեն, Աբեթնակ Տաթևացի և երևելի Զոհրաբ, մականվանյալ Զինջիլ-Ղռան՝ Աղվանից գեղջ, միահամուռ արշավելով դարբադաղ արին ավազակներաց, ետ խլելով գերի վարյալ ոչխարն և ուխտն կատարեցին Սյունյաց Սահակ իշխանի գերեզմանի վերա։ Նաև այս իմանալի է, որ Հաջի-Սամլուի գավառամասի պրիստավն Վոսկրեսենսկի, ազգով ռուս, հովանավոր է վերոգրյալ ղարա-մամադ ավազակաբարո ցեղին և ինքն է մեծ կաշառու և հայատյաց։ Ուրիշ փաստեր նմանապես կհիշատակենք ժամանակին»։

Այդպես էր գրել Պավլի բեյն այդ սովորական դեպքի մասին, իսկ շատ բեյերի նա այնպես էր պախարակել, որ նրա գրածը, ինչպես Գորիսում էին ասում, գազեթ գցելու բաներ են։

«Մելիք-Հյուսեինյանց Խանչալ բեյի պապն եղած է մատուռից մոմ