Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գողացող և Մուհամմեդի կրոնն ընդունելով եկած է հայրենիք մեծ անիրավությամբ։ Ռուսաց տիրապետության օրոքն նա կրկին հավատափոխ է լինում, բայց ժողովուրդն նրան միշտ անվանում է հաջի-Հյուսեին... Խուրշուդ բեյի հայր Աթա բեյը յուր կոչումն ձեռք է բերած յուր կնոջ ջանքերովն, որն եղած է գեղեցկադեմ և թեթևաբարո...»։

Պավլի բեյի օրագրերից հայտնի է անում և այն, որ նա մասամբ ծանոթ էր հին Սյունիքի պատմության։ Վարարակնի կառուցումը նա մանրամասն է գրել, ըստ երևույթին նյութեր քաղելով տոհմական ինչ-որ ձեռագրերից։ Պավլի բեյը հետաքրքիր բացատրություններ է տալիս Զանգեզուրի հարավում ապրող այրումների մասին, նրանց համարելով վաղեմի արևորդիների մնացորդներ։ Տաթևի շարժական սյունի մասին նա մի մեկնություն ունի, որ վերջանում է այսպես.

«Փիլիպպե Տեր Սյունյաց, դու որ քո սուրն խրեցիր հայրենի հողն և քարե սյուն դարձավ քո սուրն, այժմ մինչի երբ պիտի ճոճես այն և երբ պիտի հասնի այն օրն, երբ Սյունյաց ազատանին նորից տիրե Գողթան երկրին, Երնջակին, Վայոց ձորին, Կապանին և Հաբանդին մինչև Փայտակարան...»։

11

Բայց մենք վերջին անգամ դարձյալ դառնանք Գորիս քաղաքի երկսեռ հասարակության։

Առաջին հարցը, որ ինչպես ասում են ծառանում է մեր առաջ՝ այն է, թե ի՞նչ մարդիկ էին Գորիսի բնակիչները և այդ ոչ այն իմաստով, թե ինչպես էր նրանց արտաքինը,– որովհետև աշխարհի բոլոր անկյուններում էլ կան հաստ ու նիհար մարդիկ, մարդիկ, որոնք հոգնում են քնելուց և որոնք իրենց կյանքում մի անգամ կուշտ քնելու կարոտ են։

Գորիսում էլ կային տեսակետ ունեցող տիկիններ, ինչպես օրինակ, տիկին Օլինկան և տիկին Վառինկան, որից առաջինը գերադասում էր մաղաշար թթուն, իսկ երկրորդը՝ չոր թթուն։ Եվ նույնիսկ նրանք կարող էին վիճաբանել և մինչև անգամ կարող էին իրար ծանր խոսք ասել։

Սակայն մեզ ոչ այդ է հետաքրքրում և ոչ էլ այն, որ Հաստ Ներսես բեյը մի քանի գավաթ խմելուց հետո երբեմն յուր կնոջն անվանում էր բիբուլի և պիկուլիա,– անվանում էր նույնիսկ հյուրի ներկայությամբ, որից շառագունում էր տիկին Վարսենիկի երեսը։ Սեզ հետաքրքրում է Գորիս քաղաքի բնակիչների հոգևոր շահերը և թե հանուն