Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԿԱՐՄՐԱՔԱՐ
1

Կարմրաքար գյուղի մասին առաջին անգամ հիշատակում է գրենադիր գնդի պետ Երմոլով 2-րդը իր այն ռապորտում, որ 1823 թ. ապրիլի 17-ին ներկայացրել է Կովկասյան Մարզի պետ՝ ինֆանտերիայի գեներալ Ալեքսեյ Երմոլովին։ Ըստ այդ ռապորտի, այն ժամանակ Կարմրաքարն ուներ 19 ծուխ, որոնցից հարկատու չէին միայն 3 ծուխ։ Ոչ ռազմական և ոչ էլ տնտեսական նշանակություն չտալով, գնդապետը Կարմրաքարը համարել է ոչ որպես գյուղ և դիմացը նշանակել՝ «մշտական ձմեռանոց»: Երևի այդ ակնարկ էր այն մասին, որ Կարմրաքարը շրջապատված էր անտառով, զուրկ էր հաղորդակցության համար միջոցներից և միայն երկու բարակ կածանով էր կապվում արտաքին աշխարհի հետ։

Այդ թվականից մի քանի տարի հետո նույն վայրով անցել է և մի վարդապետ, որի ճանապարհորդական հիշողությունների մեջ կարելի է գտնել Կարմրաքարի անունը։ Այդ գյուղի մասին նա գրել է հետևյալը․ «Խորաձոր անդունդ և դաշտաձև հովիտ, զարդարյալ ծաղկոք և առատ բուսոք։ Գարունն աստանոր բերե զնմանությունն Եդեմի»․․․ Ապա հիշատակում է գյուղից վերև ընկած լեռների կլոր պարը, որի ամենից բարձր գագաթին կա սպիտակ լիճ՝ որպես հսկա մատանու ադամանդ։ Նույն գրքի այլ գլխում անդնդախոր ձորերում ընկած գյուղերի նիստ ու կացը նկարագրելով, հեղինակը մի նախադասություն է ասում Կարմրաքարի կանանց մասին, թե իբր ամոթխած էին, որպես անտառի պախրա։

Թե՛ Երմոլով 2-րդի և թե՛ հոգևոր հոր գրածը հայտնի էր Կարմրաքարի ծխատեր քահանա Տեր Գևորգին, որին գյուղում կոչում էին Տեր Նորընծա։ Քահանան շատ անգամ էր ասել, որ ինքն իր աչքով կարդացել է