Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թոլոլվում էր լեզուն։ Կարծես ոչ թե խոսում էր, այլ ծամծմում մի պատառ, որ հիմա պիտի կուլ տա։ Եվ եթե չլիներ մի հատիկ ատամը, այդ պատառը պիտի սահեր, ընկներ։

− Հնում մարդը ռամիկ էր, միամիտք,–շարունակում էր մի քիչ շունչ քաշելուց հետո։– Հիմա մարդու ոսկորն էլ է փոքրացել. չեմ իմանում ինչի՞ին է, խորամանկությունի՞ց, թե՞ ուսմունքից։ Պապս էսքան էր,– և փայտը բարձրացնում էր վեր,– հորս էլ հո տեսել ես, տերտեր... Դե ինձանից արշա եկածն ի՞նչ պիտի լինի։

– Ինչո՞ւ, Անդրեաս, Բարիկոն հասակով է,– պատասխանում էր Տեր Նորընծան։ Նա ոչ ոքի չէր կանչում գյուղում ընդհանրացած անունով, այլ ըստ իր չափաբերական մատյանի։

– Էհ, ո՛սկորն ասի, ոսկորը... Ամեն ինչը ոսկորի վրա է... Այրումի ջուրը մին-մին որ խփում է գերեզմանատան կողմը, տեսնում եք ի՞նչ ոսկորներ է հանում։ Մարդ մնում է զարմացած... Հավատալու չի, թե էն ոսկորքը մարդ արարածինն են... Արմունկը մի տղամարդի գլուխ, էնքան էլ սափ, որ երկաթն էլ չի աղալ։ Դե էն ոսկորի տերն էլ, տես ինչ մարդ է եղել, ինչ ուժի տեր։ Հիմա ասում ես Բարիկոն... Աղանձած հասկի պես բռանդ մեջ կփշրես։ Էդ բոլորն ինչի՞ց է՝ մարդու շատությունից, տերտեր... Լցվել են՝ էս սարի տակ մի գյուղ, էն քարի տակ մի շհար, էլ տեղ չկա։ Առաջ ի՞նչպես էր։ Ողորմած հոգի պապս էր պատմում, որ երեք օր երեք գիշեր մեր գյուղից որ կողմի վրա էլ գնայիր, ճանապարհին մի մարդու չէիր ռաստ գա, բարի օր ասեիր։ Հրեն Զրիկը, էս թումբի հետևը Զեյթան, հրեն հա՜, ծուխը... Դե շհարի մասին խոսք չեմ ասում։ Ապականությունը, որ էնտեղից է... Բա ... հիմի ասի, թե Հիբանի տղերքը։ Նրանք չլինեին, մի ուրիշը տեղը պիտի բռներ։ Անհնարին բան է։ Մարդը որ էս ոսկորի տերն է, նա սոված էլ կմնա, նրա գլխին կբամփեն էլ, նրա արյունն էլ կխմեն։ Բա ո՞նց... Երկու սոված կատու որ գցես պարկի մեջ, անհնարին բան է, մինը մեկելին պիտի ուտի։ Մենք երկու չենք, հազար չենք, շատացե՜լ ենք, էս ձորերն ապականել...

– Չէ՛, էսօր գիրդ շաղվել է, Անդրի։ Մին նալին ես խփում, մին մեխին,–պատասխանում էր Ավան ամին։– Ուրեմն ոնց անենք, քո ասելով մեր հիմիկվա հազարը մինին էլ չարժի՞։ Բա ուսմունքի օգուտն ի՞նչ է, լուսավորությունի։ Ուրեմն քո ասելով էս ջահելները մեզանից վա՞տ օր են ապրելու... Պա հո՜... Վա՜յ ձեզ, վա՜յ ձեր օրին, ա՜յ ջահելներ։

– Անդրի ամի, Հիբանի տղերքն էլ են մեր ոսկորից, չէ՞,– հարցնում էր մեկը։