Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարան։ Ինքը գնաց, որ հորդորի, խնդրի... Խոջա Հիբանը պառավ մարդ էր, վրան նեղացավ և ասաց, թե հոգևոր մարդը աշխարհի գործերին չպիտի խառնվի։ Հետո մի քանի հոգի էլ գնացին... Որի տունն էր փչվել, որն էլ հորից բաժանվել և մի կարպետ թևի տակ՝ երեխաների ձեռքից բռնած, գյուղից առանձնանում էր, որ իրեն է՛լ չտեսնեն գյուղամիջում։

Մի անգամ Տեր Նորընծան գնացել էր Ղարիբանոց։ Մեկը մեռնում էր, հաղորդության էր սպասում... Աստված իմ, ի՜նչ աղքատություն... Տկլոր երեխաներ, մի քանի պղինձ, մի կապ ցախ և աթարի մուխով լցված կիսաքանդ մարագ։ Ոչ ծալք ունեին, ոչ փալաս ու կարպետ, երեխաները մտնում էին հարդի մեջ, կուչ գալիս... Ի՞նչ աներ Տեր Նորընծան։ Այդ օրը դառնացած եկավ։ Երեկոյան տիրուհին հիվանդի համար հաց ուղարկեց։ Ինքը մյուս օրը քարոզ կարդաց եկեղեցում և չվերջացավ, աղքատությունը չվերջացավ... Ղարիբանոցի մի քանի մարագներից բացի, գյուղում էլ կային աղքատ մարդիկ։ Հարևանի տանը երկու ամիս կորեկ հաց էին կերել, մինչև տղան քաղաքից օգնության էր հասել։ Ո՞ւր է վերջը։ Ուրեմն ճիշտ է ասում ջաղացպանը, որ արքայությունը գնաց և մարդուն միայն տերը բաժին է պահել կուպրի վառվող կարասներ։

Կարմրաքարի ծխատեր քահանան մտածում էր իր հոտի մասին, սրտանց ուզում էր դարման գտնի, մտածում էր երկար, բայց տիրուհին վրա էր հասնում, մտքերը խանգարում։

— Ճրագում նավթ չկա, վե՛ր կաց հացդ կեր։

Տերտերը մոտենում էր սեղանին և՛ ուրախ, որ ազատվեց հոգսից, և՛ չարացած, որ նավթ չեն լցրել ճրագի մեջ ու տիրուհին ասեղի ծայրով պիտի պատրույգը բարձրացնի։ Երբ հոգնածությունը հաղթում էր, կոպերը ծանրանում էին, մոտենում էր անկողնուն, գիշերվա աղոթքը համառոտ ասում և հանգստանում այն մտքի վրա՝ թե «հող էիր և անդրեն...»։

Կարմրաքարում կար և՛ Ավան ամի, և՛ Ունան, և՛ ջաղացպան Անդրի։ Հող ունեցողը վարում էր, ցանում, հնձում։ Տարվա չորս եղանակները անիվի պես դառնում էին և ամեն մեկն իր հետ բերում էր ցավ, ուրախություն, աշխատանք։ Ծնվում էին, մեռնում։ Գյուղի գլխի գերեզմանատանը նոր հողաբլուրներ էին ավելանում, մի կողմից էլ Այրումի առուն էր հին գերեզմանատունը քանդում, ոսկորները բերանն առած, ո՛վ գիտե որ քարի տակ պահ տալիս։ Անտառը տարեցտարի փեշերը քաշում էր, գյուղից ավելի հեռանում և սարերի ստորոտները մերկանում էին... Ձորերում կամ անմատչելի առապարների վրա սակավաթիվ ծառեր դեռ մնում էին, որպես ցնցոտիներ, սարի մերկ սրունքները ծածկելու: