Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր կառուցել երկրորդ հարկը՝ սրբատաշ քարերից, նեղլիկ ու փոքր պատուհաններով երեք սենյակ, որոնցից մեկը, ամենափոքրը, պատուհան էլ չուներ և ցերեկով կիսամութ էր ներսում:

Այդ սենյակում էր պահում Խոջան իր ունեցածը՝ գորգերի ու խալիների կույտը, արծաթեղենը, կնոջ զարդեր, թանկագին մորթիներ, մի խոսքով այն ամենը, որի մասին գյուղում առասպելներ էին պատմում։ Այդ սենյակումն էր և պղնձե մեծ սամովարը, որ Հիբանի օրոք Կարմրաքարում նորություն էր եղել և հարստության նշան։ Երբ թեյի գործածությունը շատերին ծանոթ չէր, Խոջա-Հիբանը տուն եկող հյուրերին ցույց է տվել մեծ ու անճոռնի սամովարը և բացատրել, թե ջուրը որտեղ են լցնում, ծորակը ինչու համար է... Նրա կենդանության ժամանակ սամովարը երբեք չէին գործածել։ Ու միայն թաղումից հետո, երբ պատվավոր հյուրերի համար վերին հարկում սեղան էին բաց արել, Մկրտումի կինը առաջին անգամ սամովարի գլուխը բաց է անում։ Բաց է անում և կանչում է ամուսնուն... Սամովարը մինչև ունկերը լիքն էր արծաթե փայլուն աբասիներով։

Խոջս-Հիբանը այդ սինյակումն էր պահում փոքրիկ, գունավոր թիթեղներով պատած սնդուկը, որի մեջ էին սանադները։ Երբ մեկը ներս էր մտնում և հասկացնում, որ եկել է պարտքը տալու, Խոջան սիրալիր ժպտում էր, տեղից վեր էր կենում ու կանչում Մկրտումին։ Սարսափելի էր այդ ձայնը։ Եթե փողոցով անցնողը լսում էր Հիբանի ձայնը, քայլերն արագացնում էր և միտք անում, թե ում վրա է չարացել Խոջան։ Մեկն ու մեկը բարձրանում էր սանդուղքով, Մկրտումը ներքի տան պատուհանից տեսնում էր նրան, հետևից գնում և դռան մոտ սպասում: Երբեմն էլ նա հյուրերի հետ ներս էր մտնում։ Հայրը բարձր չէր կանչում, այլ քթի տակ խոսում էր, նախատինք թափում որդու երեսին, գանգատվում, որ ուժից ընկնում է և առաջվա նման չի կարողանում հյուրերին պատվով ընդունել։ Երեքով ներս էին մտնում կիսամութ սենյակը։ Հյուրն ու Մկրտումը կանգնում էին շեմքի մոտ, Հիբանը մոտենում էր բուխարիկին, ձեռքը մեկնում և ծխնելույզի միջից հանում փոքրիկ սնդուկը, որից հետո միայն որդին մոտենում էր։

− Կարդա՛,− ասում է Խոջան և մեկնում մի սանադ։ Եվ հենց Մկրտումը սկսեր կարդալը՝ «Վեր առիմ և պարտ եմ...», հայրն ընդհատում էր.

− Էդ չի,− և մի ուրիշն էր տալիս։ Երբ գտնում էր սանադը և տալիս որդուն, Հիբանը ծնկներին կռթնած սպասում էր, մինչև Մկրտումը գիրկապ անելով կարդա խոնավությունից դեղնած ու տեղ-տեղ խմորով