Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թեկուզ Հիբանի գերեզմանաքարն էլ թեքվել էր, բայց նրա անունը դեռ հիշվում էր թե՛ Կարմրաքարում և թե՛ շրջակա գյուղերում։ Հիբանի տեղը Մկրտումն էր բռնել։ Ճիշտ է, նրան Խոջա չէին ասում, այլ Խոջա-Հիբանի տղա, բայց շատերն էին խոստովանում, որ Հիբանը խստության հետ ուներ և բարի սիրտ, համենայն դեպս «միամիտք էր և ռամիկ»՝ ինչպես ասում էր ջաղացպանը։

Որդիներն ավարտել էին պարիսպը, տան կտուրը թիթեղել։ Կարմրաքարում առաջ էլ ամեն օր հիշատակում էին նրանց անունը, երբ ասում էին՝ «Հիբանի տղի եզները», «Հիբանի հողերը», «Հիբանի ձին» «Հիբանի ժամանակվա պարտքը» և այլն,— բայց այդ ամենի վրա որդիներն ավելացրել էին խանութն ու առուտուրը։

Խոջա-Հիբանն էլ էր առևտուր անում, բայց նա խանութ չուներ։ Բարդաններով բուրդ էր հավաքում և ուղտերին բարձած ճանապարհ գցում քաղաք իր ծանոթ վաճառականին հանձնելու։ Գերան էր ծախում, գարնան սկզբին փող էր բաշխում և աշնանը փողի դիմաց վերցնում մսացու, բուրդ, ոչխար, պանիր։ Ու միշտ էլ գյուղամիջում քահ-քահ ծիծաղում էր քաղաքի վաճառականների նիստ ու կացի վրա։

— Ամեն մինը մի ծակ են մտել, մի քանի թոփ չիթ ու կտորի վրա նստել, արշինը ձեռքին, աչքը քուչովն անցկացողին, թե ինչ է, մի քանի շահի փող գցեն դախլը... Դուքանս ո՞րն է... Ես որ ձին նստում եմ, փափախս թեք դրած, իմ ոչխարի կողքովն անցնում, հազար դուքանի թայ չեմ անի։

Քաղաքի առևտրականների մասին նա այն կարծիքին էր, թե բոլորն էլ խեղճ ու կրակ մարդիկ են, ըստ մեծի մասի աղքատ, և միայն իր նման խոջա ապրանքատերերն են (կամ ինչպես ինքն էր ասում «մյուլքադար և դովլաթով» մարդիկ), որ մի կտոր հաց են տալիս նրանց։

Ինչպես կփրփրար ծերունի մյուլքադարը, եթե հրաշք պատահեր, գերեզմանից դուրս գար, անցներ գյուղի փողոցով և իրենց բլրակին չհասած, բարակ առվի մոտ, տեսներ քարաշեն մի տուն, կապույտ ներկած երկու մեծ դռներով, դռան ճակատից ցուցանակը՝ վրան գլուխ շաքար, մի քանի կապ թեյ և ռուսերեն գրած՝ «Մանրուքի խանութ եղբ. Մանգասարովների»... Խանութի մի անկյունում աղաքարի կույտեր, մեծ տակառներ, մեջը լի ցորեն, գարի, ապա բարակ միջնորմը՝ վրան շատ ծանոթ գորգեր, գորգերի վրա պղնձե փայլուն կշեռքը, իսկ դարակներում՝ ճոթ սւ կտոր, գույնզգույն չիթ, թոփեր՝ մահուդ, ատլաս, ծոպավոր թաշկինակներ, շաքար, պնակներ, լամպի ապակի, բաժակներ, կոճ ու թել, մի խոսքով այն ամենը, ինչ վաճառում էին քաղաքում: Եվ այդ