Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այնպես փոքրաթիվ խմբերով երևում էին գյուղում: Ոմանք աղուն էին բերում ջաղացպան Անդրու մոտ, ոմանք գալիս էին Կարմրաքարի իրենց ճանանչ մարդկանց պատվիրելու, որ անտառում վրանների համար երկար ձողեր պատրաստեն, ոմանք հենց այնպես, միայն իրենց ծանոթներին այցելած լինելու համար։ Սակայն ինչ գործով էլ գային, նրանք սար բարձրանալուց պիտի անցնեին Խոջա-Հիբանի որդիների խանութի առաջով, որպեսզի ծռվեն աջ ու Քառասնաջրի նեղ կածանով, անտառի միջով հասնեն իրենց «օյմաղին»։

Այդ օրերին մի քանի տասնյակ ձիեր կապված էին խանութի առաջ ընկած գերաններից։ Ներսում եռուզեռ էր։ Հարցնում էին քեֆ հալ, իրար ձեռք տալիս, որդիների ու հարազատների առողջությունից տեղեկանում, հյուր կանչում իրար։ Մկրտումը քուն ու դադար չուներ։ Նա ընդունում էր ներս եկողին, ոչ միայն անունը տալիս, այլև տեղեկանում, թե ինչպես է մայրը, լավացա՞վ արդյոք այն կապույտ ձին, որ անցյալ աշնանը մի քիչ կաղում էր։ Բոլորը զարմանում էին նրա հիշողության վրա։ Նրան առանձնապես հաճելի էր, երբ այդ ժխորի մեջ մեկը բարձրաձայն իր գոհունակությունն էր հայտնում, որ հիանայի «քիրվա» է Խոջա֊Հիբանի որդին և չի մոռանում իր լավ ծանոթներին։ Եթե հաճախորդը հարուստ և անվանի աղալար էր, Մկրտումը ճարպիկ շարժումով ինքը պիտի դարակներից հաներ բազմատեսակ կտորներ, փռեր նրա առաջ, շլացներ գույնով, փայլով ու հոտով։

Առուտուրն այնքան թեժանում էր, որ նույնիսկ Գոդուն էին կանչում և պատվիրում աչքի տակով հսկելու։ Գոդին հյուրերին էր ընդունում, եթե եկողը «մեծամեծ» էր, վազում էր ձիու սանձը բռնելու, ձիերն իրար հետ կռվելուց կատվի ճարպկությամբ նրանց փորերի տակով անցնում էր և բաժանում իրարուց։ Նրա աչքերը ծանր ու մինչև բերանը ճոթ ու կտորով լցված խուրջինների վրա էր, որ տերերը կապում էին սարի կանաչից կայտառացած ձիերի գավակին և անտառի կածանով գնում հարսներին ու մանուկներին ուրախացնելու «Հիբան քիրվայի» որդիների պարգևած փոքր թաշկինակներով, մեջը լի մրգեղեն, կամ գունավոր ու կլոր սապոններով, որ հատկապես նրանք պահում էին նվերների համար։

Երբ գնորդը ձեռքը մեկնում էր Մկրտումին կամ Եփրեմին մնաք բարով ասելու, նրանցից մեկն ու մեկը շտապ կռանում էր և անկյունի նախօրոք պատրաստած կապոցը, որ համեմատ էր գնորդի անձնական բարեմասնության և հարստության չափի,– մեկնում նրան ու ժպտոմ, թեկուզ միտքն այդ րոպեին ծայր աստիճան լարված էր, և խնդրում