Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչքան ավելի էր պատմում, այնքան նա համոզվում էր, որ քաղաքում նա մի «օին» է արել։

− Դու էլ լուսով գայիր...

− Թողնո՜ւմ են... Մինչև էն շան որդուն թուղթը գրել եմ տվել, հոգիս բերանս է հասել։ Ամենապասլեդնի պադլեցի հետ գործ արա, էդ չինովնիկների դուռը մի գնա: Քոսոտ, փսլինքը կախ, տանը լակոտները հաց չունեն ուտեն, էնպես փասոնով է խոսում, ծանրացնում, կասես գեներալ գուվերնատոր է իմ գլխին։

− Վե՞րջը... փեչատե՞ց։

− Աչքն էլ չհանեցի... Փորացավը մի կարմիր տասնոց էր։ Առաջ չեմ ու չում էր անում, ա՜յ ուգալովնի բան է, վերջն էլ թե հացից հետո արի տուն, օրենքին նայեմ... Որ Բեկտաբեգովի անունը տվի, ստատյան գտավ։

− Բեկտաբեգովն ի՞նչ ասաց:

− Ի՞նչ պիտի ասեր։ Չեստ չեստի գրեց... Թե գասպադին Նիկիտա Մանգասարովին իմ կողմից պերեդայ պակլոն։ Ափսոս չի, էդպես մարդուն պերվի մինիստր դնես, ոչ թե պամոշնիկ։ Դուրս գալուց էլ, թե ասում է ձեզ նման բարեկամ ունենալը մե՜ծ պատիվ է ինձ համար:

− Մաշինեքն ի՞նչ արիր...

− Բեկտաբեգովից հետո էլ գնացի նրանց մոտ... Ա՜ մեր հայերը... Էդքան նիզգի, ցիգան ժողովուրդ յարաբ աշխարհի երեսին կա՞ թե չէ։ Ինձ տեսավ թե չէ, ոտը կախ գցեց։

− Ո՞րը...

− Էն մեծը, Արշակ Օսիպիչը...− Թե մի քիչ դարազումեննի է եղել, պրեսկուրանտի գինը պրիկաշչիկը չի իմացել... Երդում, աստված, թե էն կանաչ մեռոնը՝ Ռոստովի առքի գինը չորս հազար երկու հարյուր է...

− Վե՞րջը։

− Էլ ի՞նչ վերջը... Թե ասում է երկու տրետում կարով եմ վեկսիլով տամ... Թե որ չեք ուզում, Խանլար բեյն է ուզում տանի...

− Չտվի՜ր...

− Չէ...

− Չոռ,− ու փրփրաց Մկրտումը։− Գնում ես շհարում քուչեքը չափչփում։ Բա քեզ ինչո՞ւ համար էի ուղարկել... Դե մի՜ գժվի,– ու ձեռքը զարկեց ճակատին։− Երկու հարյուր մանեթի համար գործը պիտի քանդե՜ս... Ե՞րբ է խելքդ տուն գալու, հը՞...− ու մոտեցավ նրան։ Եփրեմը մի քիչ ետ քաշվեց, աչքերը կկոցեց։– Խանլար բեյը որ տանի, ուրախ